03/03/2015 11:43
Հայոց ցեղասպանությունը պետք է լուսաբանվի հանրության համար հատկապես հիմա. Աքին
Փետրվարի 24-ին Աթենքի «Դանաոս» կինոթատրոնում կայացել է թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի` Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված «Սպի» ֆիլմի պրեմիերան, որին մասնակցել է նաև ռեժիսորը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, եկեղեցական և համայնքային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, հունական թատերական և կինոաշխարհի հայտնի դեմքեր:
Իր ներածական խոսքում Ֆաթիհ Աքինը նշել, որ «Սպի» ֆիլմի թեման 1915թ. Հայոց ցեղասպանությունն է, և իբրև ծագումով թուրք բեմադրիչ` իր նպատակն է թուրք և օտար հադիսատեսի ուշադրությունը հրավիրել պատմական այս իրողությանը: Ռեժիսորը հավելել է նաև, որ Հայոց ցեղասպանությունը պետք է լուսաբանվի հանրության համար հատկապես հիմա, երբ աշխարհի տարբեր մասերում շարունակվում են մարդկության դեմ ոճիրներ գործվել: Ըստ Աքինի` պատմական իրողությունների ճիշտ լուսաբանումը նման ոճիրները կանխելու միջոց է:
Մարտի 5-ից ֆիլմը կցուցադրվի նաև Աթենքի, իսկ մարտի 23-ից` Սալոնիկի կինոթատրոններում: