04/03/2015 19:44
ԳԱԱ-ն աշխատանքներ է տանում Բյուրականի աստղադիտարանի արդյունավետության բարձրացման ուղղությամբ
Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը քննարկեց ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի Միջազգային գիտական խորհրդատվական հանձնաժողովի աշխատանքի արդյունքները: Այս մասին տեղեկանում ենք ԳԱԱ մամուլի ծառայությունից:
Հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ ԳԱԱ նախագահության 2013 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 9 (1701) որոշմամբ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի աշխատանքների արդյունավետության բարձրացման և աստղադիտարանի զարգացման նոր ծրագրի մշակման նպատակով:
Հանձնաժողովը մշակել է հաշվետվություն և առաջարկություններ Բյուրականի աստղադիտարանի ապագա զարգացման վերաբերյալ: ՀՀ ԳԱԱ նախագահությունը, հիմք ընդունելով հանձնաժողովի աշխատանքի արդյունքները և նիստում հնչեցված առաջարկություններն ու դիտողությունները, որոշեց հանձնարարել ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքին մինչև 2015թ. մարտի 31-ը ՀՀ ԳԱԱ նախագահությանը ներկայացնել ամփոփ եզրակացություն Բյուրականի աստղադիտարանի գիտական, տեխնիկական և կազմակերպչական խնդիրների լուծման մասին: