04/03/2015 11:41
Պռոշյան գյուղում հրազենային վիրավորում ստացած երիտասարդի վիճակը բավարար է. Վիրահատությունը լավ է անցել
Նախօրեին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հրազենային վնասվածք ստացած 33-ամյա Արման Թադևոսյանի վիճակը բավարար է: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» ԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Զաքար Պետրոսյանը:
«Կրակոցը վնասել էր երիտասարդի երկու ոտքերն էլ՝ մեկին պատճառելով թափանցող վերք»,- ասաց Զաքար Պետրոսյանը՝ նշելով, որ երեկ արված վիրահատությունը լավ է անցել:
«Բարեբախտաբար, չէին վնասվել ոսկորները կամ խոշոր անոթները: Հիմա ուղղակի պետք է զգույշ լինել մինչև լիովին վերականգնվելը»,- ասաց բժիշկը՝ նշելով որ Արման Թադևոսյանը քայլելու հետ կապված խնդիր հետագայում չի ունենա:
Հիշեցնենք, որ նախօերին ժամը 13:00-ի սահմաններում Պռոշյան գյուղում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով վիրավորվել էր գյուղի բնակիչը: Ըստ որոշ տեղեկությունների՝ կրակողների պատճառը կենցաղային վեճն է եղել: