04/03/2015 14:16
Բարերարը փոխանցեց պակասող գումարը. Փոքրիկ Ռոմանը կվիրահատվի
Մի քանի օր է, ինչ համացանցում փոքրիկ Ռոման Քոչարյանին օգնելու վերաբերյալ հրապարակումներ են տարածվում, նաև Facebook-յան էջ է բացվել: Երեխան շտապ վիրահատության կարիք ունի, բայց քանի որ ընտանիքը չկարողացավ անհրաժեշտ գումարը հավաքել փոքրիկին արտերկիր տեղափոխելու համար, մայրը որդու կյանքի համար պայքարելու այլ ճանապարհով գնաց` մասնագետներ հրավիրվեցին Երևան, որպեսզի այստեղ արվի անհրաժեշտ վիրահատությունը:
Aysor.am-ի հետ զրույցում Ռոմանի մայրը` Սյուզաննան, ասաց, որ Երևանի թիվ 3 մանկական հիվանդանոցի տնօրիությունը իրեն այդ հարցում շատ է օգնել ու պաշտոնական հրավերն էլ ուղարկվել է հենց հիվանդանոցի անունից: Արդյունքում ավստրիացի բժիշկները համաձայնել են գալ Երևան, անվճար վիրահատություն անել` շունտավորում, ու միակ նախապայմանը եղել է նրանց ճանապարհածախսի ու կեցության ծախսերն ապահովելը: Բացված հաշվեհամարում վերջին օրերի ընթացքում հավաքվել էր անհրաժեշտ գումարի միայն կեսը` 460 հազար դրամը, բայց թե ավիատոմսերը, թե հյուրանոցը մարտի 11-14-ը ամրագրված էին:
Բարեբախտաբար, անհայտ բարերարը քիչ առաջ մորն է փոխանցել պակասող գումարը` 1100 ԱՄՆ դոլարը: Այդ մասին քիչ առաջ Aysor.am-ին հուզված տեղեկացրեց երեխայի մայրը` նշելով, որ այդ անակնկալն իրեն այնքան հույս ու հավատ է ներշնչել, որ նա վստահ է` ամեն ինչ լավ է լինելու ու Ռոմանը մարտի 26-ին՝ իր 6-ամյակի օրը, արդեն տանը կլինի.
«Բշիշկներին սպասում ենք մարտի 11-ի գիշերը, մարտի 12-ին նշանակված է վիրահատությունը, 14-ին նրանք կմեկնեն հայրենիք, իսկ մենք հույսով կսպասենք, որ տղաս իր ծննդյան օրը արդեն տանը կլինի: Շնորհակալ եմ բոլորին, որ ինձ միայնակ չթողեցին, որ մեր ընտանիքի կողքին էին, որ մարդկանց մեջ մնացել է բարություն»,- հավելեց հուզված մայրը: