04/03/2015 14:48
Ժողովրդագիր. Վերջին 5-6 տարիներին Հայաստանից հեռացել է 30-35 հազ. մարդ
Վերջին հինգ-վեց տարիներին Հայաստանից անվերադարձ մեկնել է 30-35 հազար մարդ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն՝ ավելացնելով.
«Այսօր միտում չկա, որ այս թիվը կարող է նվազել»:
Միաժամանակ, ըստ Ռուբեն Եգանյանի, ռուս-ուկրաինական ճգնաժամի հետ կապված այս ուղղությամբ արտագաղթողների թիվը կարող է բավականին նվազել:
«Ռուսաստանում ընդհանուր առմամբ և տնտեսապես լարված իրավիճակ է: Ինչ վերաբերում է Արևմուտք մեկնողներին, ապա դրանց թիվն առանց այդ էլ շատ չէ՝ վիզային բարդ ռեժիմի հետ կապված»,- բացատրեց ժողովրդագիրը:
Նրա խոսքով՝ արտագաղթի տեմպերի նվազմանն վրա ազդեցություն է ունեցել նաև ՌԴ միգրացիոն քաղաքականության խստացումը:
«Դրա հետևանքով միայն անցյալ տարի ՀՀ 200 հազար քաղաքացու մուտքը ՌԴ 3-ից 5 տարով արգելափակվել է»,- ասաց բանախոսը:
Անդրադառնալով արտագաղթի հիմնական պատճառներին՝ Ռուբեն Եգանյանը նշեց, որ ըստ 2003թ.-ին կատարված ուսումնասիրությունների դրանցից առաջին տեղում է ցածր աշխատավարձը, երկրորդ տեղում՝ երկրի բարոյահոգեբանական մթնոլորտն ու արդարության բացակայություն, իսկ հետո միայն՝ աշխատատեղերի բացակայությունը: