04/03/2015 17:47
Գյուղնախարար. Հանրապետության ոռոգման համակարգը պատրաստ է սեզոնի մեկնարկին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր` անձամբ հավաստիանալու համար, որ մարզում ոռոգման սեզոնի բացմանն ընդառաջ պատասխանատուների կողմից պատշաճ կերպով իրականացվել են բոլոր նախապատրաստական աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից:
Նախարարին ուղեկցում էին Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ֆելիքս Մելիքյանը, ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպությունների տնօրեններ և այլ պաշտոնատար անձինք:
Այցի շրջանակում նախարարը եղել է Հուշակերտի պոմպակայանում, Շենավան, Գետաշեն, Նալբանդյան համայնքներում, որտեղ ծանոթացել է ներտնտեսային ոռոգման ցանցերի աշխատանքներին: Այստեղ պատասխանատուները հավաստիացրել են, որ բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, և իրենք լիովին պատրաստ են ոռոգման սեզոնի բացմանը:
Շուրջ 6 հազար հեկտար փաստացի ոռոգվող տարածք ընդգրկող «Մերձափնյա» ՋՕԸ գործադիր տնօրեն Արշավիր Հայրապետյանը տեղեկացրել է, որ ՋՕԸ-ի կողմից սպասարկվող 16 համայնքներից տասում այս պահին ընթանում են նախապատրաստական վերջին աշխատանքները, մնացած 6-ում առկա որոշակի տեխնիկական խնդիրները կվերացվեն մեկշաբաթյա ժամկետում:
Այնուհետև նախարարն ուղևորվել է Մրգաշատի միջտնտեսային ջրանցք: Այստեղ բնակիչները դժգոհություն են հայտնել, որ ջրանցքում երկար տարիներ չեն կատարվել մաքրման աշխատանքներ: Նախարարը հանձնարարել է անհապաղ սկսել մաքրման գործընթացը, և դրանց արդյունքների վերաբերյալ զեկուցել իրեն:
Արմավիրի մարզում նախարարի այցելության վերջին կանգառը Զարթոնքի պոմպակայանում էր, որտեղ շրջայցի ընթացքում ևս նախարարը տեղեկացել է, որ վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտված են և պոմպակայանը լիովին պատրաստ է ջրամատակարարման շրջանին:
«Արմավիրի մարզում կատարված դիտարկումը ցույց տվեց, որ ոռոգման համակարգում նախատեսված վերանորոգման և նախապատրաստական աշխատանքները գրեթե ամբողջությամբ ավարտված են: Ընդհանուր առմամբ հանրապետության ամբողջ ոռոգման համակարգը արդեն իսկ պատրաստ է սեզոնի մեկնարկին»,- լրագրողների հետ զրույցում նշել է նախարարը:
Նախարարի խոսքով` հանրապետության ցածրադիր գոտիներում` մասնավորապես Արարատի և Արմավիրի մարզի մի շարք համայնքներում, որտեղ վեգետացիան ավելի վաղ է սկսվում, արդեն իսկ ջրամատակարարումը սկսված է: