04/03/2015 19:52
Սիրիայի Ժողովրդական ժողովում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդարանական լսումներ են անցկացվել
Այսօր Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ, դոկտոր Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամն ընդունել է Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանին, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանին, Կաթողիկե համայնքի հոգևոր ներկայացուցիչ վարդապետ Գևորգ Բահիին, Դամասկոսի հայ համայնքի քաղաքական և գավառական ժողովների ղեկավարներին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն իրականացնող Սիրիայի հանձնաժողովի անդամներին: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Նախագահը ողջունել է դեսպան Փոլադյանին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին, որից հետո մասնակիցները քննարկել են հայ-սիրիական միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը զրուցակցին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:
Սիրիայի Ժողովրդական ժողովի ղեկավարի հետ հանդիպմանը հաջորդել է Ժողովրդական ժողովի մարդու իրավունքների և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամ Մարիա Սաադեի և այլ պատգամավորների նախաձեռնությամբ կազմակերպված համատեղ նիստը` դեսպանի, նրան ուղեկցող պատվիրակության և Ժողովրդական ժողովի մարդու իրավունքների և հաշտեցման հանձնաժողովների անդամների մասնակցությամբ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Նիստի ընթացքում դեսպանը, շնորհակալություն հայտնելով Սիրիայի Ժողովրդական ժողովին, որպես կարևոր հանգամանք ընդգծել է այն փաստը, որ Սիրիան, Ցեղասպանության օրերին դառնալով հանգրվան մազապուրծ հայերի համար, այսօր` 100 տարի անց, իրականացնում է նման միջոցառում երկրի օրենսդիր մարմնում:
Սիրիայի Ժողովրդական ժողովի հանձնաժողովների անդամների առջև Հայոց ցեղասպանության մասին պատմական համառոտ զեկույցով հանդես է եկել Դամասկոսի համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Նորա Արիսյանը:
Լսումների ընթացքում ելույթ են ունեցել Սիրիայի Ժողովրդական ժողովի մի շարք անդամներ, ովքեր արտահայտել են իրենց համերաշխությունը հայ ժողովրդին` մեկ անգամ ևս ընդգծելով հայերի դերը Սիրիայի սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքում: