04/03/2015 15:22
Նաիրա Զոհրաբյանը կստանձնի ԲՀԿ ղեկավարի պաշտոնը
Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահի միակ թեկնածուն, ըստ նախնական քննարկումների, Նաիրա Զոհրաբյանն է: Այս մասին ԱԺ-ում քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Վերջինիս խոսքով՝ վաղվա համագումարից հետո կհայտարարվի կուսակցության ներսում տեղի ունեցած փոփոխությունների մասին: Չի բացառվում անգամ, որ խմբակցությունն այսուհետ հանդես գա ընդդիմադիր դիրքերից:
«Չեմ կարծում, թե Գագիկ Ծառուկյանը գտնում է, որ թվով երկրորդ կուսակցությունը պետք է պարտվի կամ լուծարվի: Հակառակը՝ մենք պետք է կարողանանք այս դժվարին պահը հաղթահարել ու դուրս գալ այս ճանապարհից»,- ասաց պատգամավորը՝ շարունակելով, որ հարցեր կան, որ պետք է ճիշտ հաշվարկել, որպեսզի պարտվող դուրս չգան:
Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն բավականին երկար ճանապարհ անցած կուսակցություն է և իր անելիքները հստակ գիտի: «Այնպես չէ, որ մինչ այս պահը քաղաքականության մեջ չենք եղել: Հստակ գիտենք՝ ինչ քայլեր և երբ իրականացնենք: Ես կոնկրետ իմ անելիքները գիտեմ»,- ասաց նա:
Անդրադառնալով կուսակցությունից դուրս գալու դիմումներին՝ Մ. Մելքումյանը նախ նկատեց, որ յուրաքանչյուր ոք պետք է հավատարիմ մնար իր թիմին, այնուհետև հավելեց.
«Եթե դու անընդհատ թռչկոտում ես այստեղ-այնտեղ, դա լավ բան չի խոստանում: Եթե թիմն ընդհանրապես լուծարվի, դա այլ է, բայց եթե չի լուծարվում ու դու այդպես ես վարվում, դա լավ բան չէ»:
Հարցին՝ նոր հրաժարականներ սպասվում են առաջիկայում, Մ. Մելքումյանը ասաց՝ ոչ:
Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին՝ պատգամավորը մանրամասնեց, որ նա մտահոգված է իր ճակատագրով և չի բացառվում, որ առաջիկայում հանդես գա այլ դիրքերից:
«Նա լուրջ, ծանրակշիռ, քաղաքական ուղի անցած անձնավորություն է, բայց ինքն իր համար որոշում է կայացրել, թե փոխել է, չգիտեմ, բայց գտնում եմ, որ ճիշտ կլիներ ինքը մնար մեզ հետ: Նա հայտարարել է միայն մանդատը վայր դնելու մասին, իսկ կուսակցությունից դուրս գալու մասին ոչինչ դեռ չի ասել: 2017 թվականը սարերի հետևում չէ և եթե ինքն այլ նպատակներ ունի, ես ոչինչ ասել կամ անել չեմ կարող: Ըստ երևույթին՝ նա ուզում է վերաիմաստավորվի և իր հետագա գործունեության բնույթը որոշի: Միգուցե գտնում է, որ կուսակցությունում մնա, և դա իր ապագայի խնդիրներ այն ձևաչափով, որով որ ԲՀԿ-ն հանդես է գալու, նրան խանգարի: Չեմ կարող ասել»,- ասաց նա: