04/03/2015 19:21
Պետք է ընդդիմությունը զատել ժողովրդից, իսկ իշխանությունը՝ պետությունից. Շարմազանով
ՀՀԿ-ն եղել է ընդդիմություն և ընդդիմադիր դիրքերից հանդես է եկել դեռ 90-ական թվականներին: ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե ՀՀԿ-ն երբևէ եղե՞լ է ընդդիմություն:
«Այո, Աշոտ Նավասարդյանի օրոք եղել ենք ընդդիմություն: Միշտ չէ, որ ՀՀԿ-ն եղել է իշխանություն: Այն ժամանակ ՀՀՇ-ն իշխանություն էր, իսկ ՀՀԿ-ն՝ ընդդիմություն: ՀՀԿ-ն դարձավ իշխանության մաս միայն 1995 թվականից»,- ասաց նա:
Իսկ ընդհանրապես, Շարմազանովը կարծում է, որ ընդդիմություն լինելու մեջ վատ բան չկա: «Եթե դու ընդդիմություն ես, դա չի նշանակում՝ դու վատն ես, կամ հակառակը՝ իշխանություն ես, ուրեմն ամենալավն ես: Երբ մենք խոսում ենք ինստիտուցիոնալ ընդդիմություն ունենալու մասին, նկատի ունենք հենց այն, որ առաջին հերթին չպետք է անձնավորենք քաղաքական պայքարը»,-շեշտեց նա:
Շարունակելով խոսքը՝ պատգամավորն ընդգծեց, որ պետք է լինի գաղափարական պայքար, ոչ թե իշխանությունը նույնացնել պետության, իսկ ընդդիմությունը՝ միայն հասարակության հետ: «Այստեղ հնչում են կարծիքներ՝ եթե իշխանություն ես, ուրեմն՝ վատն ես, իսկ եթե ընդդիմություն ես՝ լավն ես: Կամ՝ եթե մեկն ընդդիմության շահերին կպնում է, ուրեմն ժողովրդին է կպնում, իսկ եթե իշխանության շահերին է կպնում՝ ուրեմն լավ է: Մենք պետք է կարողանանք զատել պետությունն իշխանությունից, իսկ ընդդիմությունը՝ ժողովրդից: Մենք պետք է շարժվենք այնպես, ինչպես դասական եվրոպական ժողովրդավարական երկրներում է տեղի ունենում»,- հավելեց պատգամավորը:
Նա շեշտեց նաև, որ տեսնում է այդպիսի ուժեր, թե՛ ԱԺ-ի ներսում, և թե՛ այդ պատերից դուրս: «Ունենք ոչ միայն առողջ ուժեր, այլև անհատներ, ովքեր կարող են Հայաստանը տանել հենց այն ճանապարհով, որտեղ ցանկացած ընտրություն չի լինի ցնցում, որտեղ իշխանության համար իշխանության կարուստը մահին հավասարազոր չի լինի, իսկ ընդդիմության համար վերադարձը՝ վրեժխնդրություն: Ես չեմ ցանկանում անուններ տալ, քանի որ եթե մի ընդդիմադիր գործչի գովաբանում ենք, լուրեր են տարածվում, թե նա իշխանության սպասարկողն ու հաճախորդն է: Այսպիսի որակումներից մենք պետք է զերծ մնանք»,- հավելեց նա:
Պատգամավորի համոզմամբ՝ քաղաքական ուժերին որակումներ կարող է տալ միայն ժողովուրդը: Ժողովուրդն է ընտրում նաև, թե որ քաղաքական ուժը որ հարթությունում պետք է աշխատի՝ ընդդիմադիր, թե իշխանական: «Կարևորն այստեղ ընտրության որակն է, որը տալիս է ժողովուրդը»,- հավելեց պատգամավորը:
Հարցին՝ երբ դուք Խորհրդարանում բացարձակ մեծամասնություն եք կազմում, ձեր ինչի՞ն է պետք է ընդդիմությունը, Շարմազանովն արձագանքեց. «Ընդդիմությունը մեզ չէ, որ պետք է: Ընդդիմությունը հասարակությանն ու նրա շահերին է պետք: Քաղաքական համակարգն ունի երկու ոտք, որոնցից մեկը՝ իշխանությունն է, իսկ մյուսն՝ ընդդիմությունը: Իսկ եթե մի ոտքը լավ չի աշխատում, լավ չի աշխատում նաև մյուսը: Հետևաբար մենք շահագրգռված ենք, որպեսզի երկու ոտքերն էլ հավասարազոր ու հավասարապես աշխատեն: Կրկնում եմ, ես վատատես չեմ և ընդդիմադիր դաշտում տեսնում եմ բազմաթիվ պայծառ դեմքեր, որոնք թե ավագ, թե ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ են»,-շարունակեց նա՝ նկատելով նաև, որ այսօր ընդդիմադիր դաշտում ինչ-որ խառնաշփոթ է տեղի ունենում, քանի որ տարբեր ուժեր, տարբեր գաղափարախոսության են կողմ քվերակում: «Սոցիալիստը լիբերալ օրենքներին է կողմ քվերակում, պահպանողականը՝ այլ: Այսինքն՝ ի վերջո, ժողովուրդն էլ պետք է հասկանա, թե ինչ է տեղի ունենում: Քաղաքական դաշտում կան պահպանողական, լիբերալ, սոցիալիստ և մի քանի այլ բևեռներ: Նախ պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում և ինչ են ուզում, որ նոր աշխատենք: Իսկ այսօր, անուններ չտամ, մարդիկ մամուլով միմյանց են վիրավորում, երբ մի քանի օր առաջ իրար ձեռք էին բռնում: Մենք պետք է ուղղահայաց դիրքերից անցնենք հորիզոնական, որտեղ հիմնականում ամենազդեցիկը կլինի ոչ թե մեկ քաղաքկան գործիչը, այլ մեկ ընդհանուր քաղաքական թիմը»,- ասաց նա: