04/03/2015 20:38
Մենք այնքան անելիքներ ունենք, որ չենք կարող մտածել ԲՀԿ-ի մասին. Շարմազանով
Ես չեմ ուզում անդրադառնալ ԲՀԿ-ին, քանի որ դեռ հայտնի չէ այդ քաղաքական ուժն ինչ ուղղություն կընտրի: ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ընդծելով, որ ինքն այս առնչությամբ արդեն քաղաքական գնահայատակն տվել է: «Այո, իմ խորին համոզմամբ, եթե իշխանության և ընդդիմության մեջ լիներ գաղափարական պայքար, ապա մեկ քաղաքական գործչի հանրահավաքին մասնակցելուց հետո՝ մնացած քաղաքական ուժերը չէին հայտնվի խաղից դուրս վիճակում»,- ասաց նա:
Aysor.am-ի հարցին ի պատասխան, հնարավո՞ր է առաջիկայում ՀՀԿ-ին ևս տեսնենք ընդդիմադիր դիրքերում: «Դա ժողովրդի կամքն է: Եթե մենք քաղաքականության մեջ ենք, մենք չենք որոշում՝ լինել ընդդիմություն, թե՞ իշխանություն: Երբ Էդուրարդ Շարմազանովը կլինի ընդդիմություն, դա կորոշի միայն հանրությունը՝ ընտրությունների միջոցով: Երբ ՀՀԿ-ն կլինի փոքրամասնություն, այդ ժամանակ էլ կլինի ընդդիմություն և իր պայքարը կմղի ընդդիմադիր դաշտում: Դա ո՛չ երկրի նախագահն է որոշում, ո՛չ վարչապետը, ո՛չ էլ ընդդիմությունը: Ցավն էլ հենց այն է, որ մենք ունենք քաղաքական գործիչներ, ովքեր հայտարարում են, թե միշը ընդդիմադիր են: Այ ախպեր ջան, վաղը կարող ա քեզ ձայն են տալիս ու դու դառնում ես իշխանություն: Քննադատ լինել՝ չի նշանակում ընդդիմադիր գործիչ: Թող կարդան քաղաքագիտական գրականություն»,- ասաց նա:
Հարցին՝ պատկերացնո՞ւմ եք, որ վաղը ԲՀԿ-ն համագումարից հետո հայտարարի, որ ինքը դառնում է գաղափարական, ինստիտուցիոնալ ընդդիմադիր ուժ, Շարմազանովը հավելեց. «Խոսքը ԲՀԿ-ի մասին չէ, բայց այդպիսի ուժ մեկ օրում չեն դառնում: Ե՛վ ընդդիմություն, և՛ իշխանություն դառնալու համար պետք է երկար ճանապարհ անցնեն: Աստիճանաբար են ամեն ինչի հասնում, բայց որ մենք այդ ճանապարհն անցել ենք և հիմա գնում ենք բյուրեղացման ճանապարհով, փաստ է»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կոշտ գործիչներ կիրառվեցին, Շարմազանովն արձագանքեց. «Դուք Գագիկ Ծառուկյանից լսե՞լ եք նման բան, կամ պարոն Ծառուկյանի թիմակիցներից լսե՞լ եք, որ իրենց ղեկավարի նկատմամբ կոշտ, անօրինական գործիքների են կիրառվել: Ես հայտարարել եմ և ևս մեկ անգամ պնդում եմ. Հայաստանում քաղաքական պայքարը պետք է լինի բացառապես օրենքի շրջանակներում»,- ասաց Շարմազանովը:
Անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից հնչեցվող քաղաքական հայտարարությանը, թե երկրում պետք է լինեն արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, Շարմազանովը որակեց դրանք իբրև արհեստական պահանջ: Դրա վառ ապացույցն, ըստ նրա, այսօրվա ԲՀԿ-ի պահվածքն է: «Այն, ինչ մտացածին ու արհեստական է, շատ արագ փլուզվում է: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին՝ մենք այնքան անելիքներ ունենք, որ չենք կարող մտածել ԲՀԿ-ի մասին»,- ասաց նա: