04/03/2015 15:55
Գագիկ Ծառուկյանը մանդատը վայր կդնի և որոշ ժամանակով կհեռանա քաղաքականությունից
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցութան առաջիկա համագումարի ընթացքում կհրաժարվի կուսակցության ղեկավարի պաշտոնից, սակայն դուրս չի գա կուսակցությունից: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ Ծառուկյանը շահագրգռված է՝ կուսակցությունից կամ խմբակցությունից մարդիկ դուրս գան:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի մանդատից հրաժարվելուն, Մ. Մելքումյանը պարզաբանեց, որ Գագիկ Ծառուկյանը ոչ միայն մանդատն է վայր դնում, այլև քաղաքականությունից միառժամանակ հեռանում է: «Նա կուսակցությունից դուրս չի գալիս: Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցելուն, ապա ԲՀԿ-ն եթե մասնակցի, կարծում եմ, որ եթե Ծառուկյանը կուսակցության անդամ է, ուրեմն նա ևս անելիքներ կունենա»,- ասաց նա:
Մ. Մելքումյանն ընդգծեց, որ վաղը կայանալիք ԲՀԿ համագումարի ընթացքում կքննարկեն՝ ինչպես այս ամենից պատվով դուրս գան:
«Ժողովուրդն առանց մեր ասելու էլ շատ լավ գիտի, թե ինչ է տեղի ունեցել: Հարցեր կան, որոնք լուծելու համար պետք է գնանք այս ճանապարհով՝ ավելի քիչ տուժելու համար: Այլ իրավիճակում, գուցե խմբակցությունը շատ ավելի լավ բաներ աներ, սակայն մենք պետք է կարողանանք այս թիմը պահպանել: Մենք թվով երկրորդ քաղաքական ուժն ենք Հայաստանում: Մեր կուսակցության ծրագիրը չենք վերանայելու, գաղափարախոսությունը չենք փոխելու, և գնալու ենք այն ճանապարհով, որն ընտրելու ենք վաղը: Թե ինչ կստացվի՝ կյանքը ցույց կտա: Ընթացքում բնականաբար կլինեն որոշակի շեղումներ, մեղմացումներ, տակտիկական փոփոխություններ, բայց այսօր մեր պետության՝ հատկապես տնտեսական-սոցիալական վիճակը շատ վատ է, և մենք պետք է մտածենք, թե ինչ անենք, որպեսզի ամեն ինչ լավ լինի»,- հայտարարեց պատգամավորը:
Հարցին՝ ի վերջո, վաղը լսելու ե՞նք, թե ինչ եղավ և ինչո՞ւ, Մ. Մելքումյանը պատասխանեց, որ համագումարից հետո ամեն ինչ պարզ կլինի, այնուհետև հավելեց. «Մենք միշտ դեմ ենք եղել արյունահեղությանն ու ցնցումներին: Մեզ համար թանկ է անգամ մեկ մարդու կյանքը և այդպիսի շռայլության չարժեր, որ գնայինք ու երկիրը հետ շպրտեինք տասնյակ տարիներով: Կարծում եմ, որ այս պահին խոհեմ քայլը սա էր՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերը»:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուն, Մ. Մելքումյանը պատասխանեց, որ այս փուլում դա ակտուալ ու հրատապ հարց չէ: «Ոչ, և սա իմ անհատական կարծիքն է: Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, այդ հարցի պատասխանը ևս կլսեք վաղը»,- ասաց նա:
Ըստ Միքայել Մելքումյանի՝ միայն ասելիքը քիչ է: Նրա խոսքով՝ պետք է պետության մեջ ինչ-որ բաներ հասունան, որից հետո քաղաքական քայլերը հստակեցվեն: «Պատահական չեմ նշում 2017 թիվը: Պետք է փորձենք հասկանալ, թե այնուամենայնիվ պետության համար ինչ կարող ենք անել ու ինչ կերպ»,- ասաց նա:
Հարցին՝ դժվար չի լինի աշխատել կին ղեկավարի հետ, Մ. Մելքումյանը պատասխանեց, որ ոչ: «Թող սովորեն: Բացի դա՝ ղեկավարը դա ավտորիտար, գործադիր իշխանություն չէ: Սա կոլեկտիվ աշխատանք է, ոչ թե վարչահրամայական»,- հավելեց նա:
Aysor.am-ի դիտարկմանը՝ կարելի է ասել, որ ԲՀԿ-ն ևս հերթական ընտրություններին է պատրաստվում, պատգամավորը հավելեց. «Ես անձամբ չգիտեմ: Ինքս աշխատում եմ: Հակված եմ ասելու, որ պատրաստվում ենք հերթական ընտրություններին: Մենք մեր աածին միշտ էլ հետևողական ենք: Նախկինում էլ ասել եմ, որ ամեն ինչ կախված է իշխանությունների արձագանքից: Մեր հետագա քայլերն էլ կախված են իշխանություններից»,- եզրափակեց նա: