04/03/2015 12:37
Երեխաները օրերով սոված են մնում. Վանաձորցի ևս մեկ կարիքավոր ընտանիք
Facebook-յան «Հույս հային» բարեգործական նախաձեռնությունը հերթական կարիքավոր ընտանիքի պատմությունն է ներկայացրել` վերնագրելով այն «Երեխաները օրերով սոված են մնում. Մոր խնդրանքը բոլորին»:
Ընտանիքը, որտեղ կա 5 մանկահասակ երեխա ու ամիսներով տուն չվերադարձող ու ընտանիքին ոչնչով չօգնող արբեցող ամուսին, ծայրահեղ ծանր պայմաններում է ապրում ` չկա ոչ սնունդ, ոչ կենցաղային պայման, և ոչ էլ հույս` հավատալու, որ վաղը ամեն ինչ կփոխվի.
««Հույս հային» նախաձեռնության անդամներն իրենց հերթական տնայցի ընթացքում հայտնաբերեցին վանաձորցի մի ընտանիքի ևս, որը բնակվում է շատ վատ կենցաղային պայմաններում, օրերով անգամ քաղցած վիճակում մնալով: Վանաձորի Բուլղարական 2-րդ ավանի 156 հասցում գտնվող փոքրիկ փայտյա տնակում է բնակվում 35-ամյա Հասմիկ Աքուլյանը, ով ունի 5 մանկահասակ երեխաներ, որոնցից երեքին՝ դուստրերին, կարիքից դրդված հանձնել է Վանաձորի գիշերօթիկ հաստատության խնամքին, երկուսին էլ մի կերպ է կարողանում խնամել, քանի որ չունի սնվելու և ապրելու համապատասխան միջոցներ ու պայմաններ:
Հասմիկ Աքուլյանի խոսքերով, պետության կողմից հատկացված նպաստի գումարը ծանր պայմաններում գոյատևող ընտանիքի համար չնչին է: Ընտանիքի մայրը մեզ հետ զրուցելիս շատ հուզված էր, չէր կարողանում խոսել: Նա նշեց, որ ամուսինը հարբեցող է, ամիսներով տուն չի գալիս և չի օգնում իր բազմանդամ ընտանիքին:
Ընտանիքում այս պահին մոր խնամքի տակ են գտնվում մեկամյա Կարենը, և Արենը, ում 4 տարին կբոլորի ապրիլին: Երեխաներին խնամելու պատճառով ընտանիքի մայրը չի կարողանում աշխատել: Միայն երբեմն հասցնում է տնային աշխատանքներ կատարել այն տներում, որտեղ կանչում են, սակայն դա էլ հազվադեպ է պատահում: Ի դեպ, մեր այցի ընթացքում նրա հարևաններից մի հիվանդ տիկին նրան հրավիրում էր իր տուն, որպեսզի գնա հաց թխի: Այսպիսի աշխատանքներն էլ որքան անհրաժեշտ, նույնքան էլ դժվար են Հասմիկ Աքուլյանի համար, քանի որ երեխաներին պահող չկա իր բացակայության ընթացքում, որպեսզի ինքն էլ կարողանա օրվա մի կտոր հացի համար հրավիրված տներում իր գործն անի:
Մոր ցանկությունն այն է, որ իր երեխաները քաղցած չլինեն, չմրսեն, իր հետ լինեն ու ապրեն միասին, կարիքը երբեք չբաժանի իր դստրիկներից, զգա, որ անպաշտպան չէ և կան բարեհոգի մարդիկ, ովքեր երբեք չեն զլանա օգնության ձեռք մեկնելու իր բազմանդամ ընտանիքին, հինգ սոված ու անօգնական զավակներին»:
Մանրամասները կարելի է դիտել տեսանյութում՝