04/03/2015 13:44
Տերյան 23-25, Լալայանց 37 հասցեների բնակիչներ. Մենք չենք գնալու զիջումների
Տերյան 23-25, Լալայանց 37 հասցեներում գտնվող շենքերը ճանաչվել են հանրային բացառիկ գերակա շահ, սակայն 8 տարի է՝ չկա անգամ նախագիծ, թե ինչ է այդտեղ կառուցվելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնակիչ, «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը:
Նրա խոսքով՝ ինքը համապատասխան հարցում է ուղարկել քաղաքապետարան և ստացել, որ տվյալ հատվածի համար հաստատված նախագիծ չկա:
Վ. Գերավետյանն ասաց, որ կառուցապատողը «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունն է, որի հիմնադիրը Սամվել Մայրապետյանն է և նրա գործողությունները անընդունելի են:
«Մենք չենք գնալու զիջումների»,- ասաց նա:
Շարունակելով խոսքը՝ բնակիչն ասաց, որ իրենց առաջարկում են 1 քմ. համար 800 դոլարով վաճառել բնակարանները կամ էլ նոր բնակարան ստանալ՝ նորակառույցում, այնինչ կառուցած շենքում առաջարկվող բնակարանները համարժեք չեն իրենց բնակարաններին:
Վ. Գերավետյանը ասաց, որ «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը դիմել է դատարան, որ բնակիչները իրենց հետ պայմանագիր չեն ուզում կնքել:
Ասուլիսին մասնակից՝ բնակիչ, մանկավարժ Ֆլորա Ուդումյանն էլ իր հերթին ասաց, որ իրենք այժմ ԴԱՀԿ-ից նամակներ են ստանում՝ սեփականությունը հօգուտ այդ ընկերության օտարելու համար, իսկ բնակիչ, գեղանկարիչ Վարդան Գաբրիելյանն էլ նշեց, որ շենքերում բնակվող մոտ 30 ընտանիք համաձայնվել է առաջարկվող փոխհատուցմանը:
Նրա խոսքով՝ իրենք ուզում են նամակով դիմել ԱԺ խմբակցություններին՝ զգուշացնելով, որ քաղաքը վտանգված է:
«Պետական կարիքների զոհեր» ՀԿ ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը, ով ևս ներկա էր ասուլիսին, ասաց, որ Երևանում 450 քաղաքացի հայտնվել է խայտառակ վիճակում, որովհետև ՀՀ օրենքները խախտում են ոչ թե հասարակ քաղաքացիները, այլ՝ պետությունը:
«2007 թվականից այս շենքերը ճանաչվել են հանրային գերակա շահ, սակայն առ այսօր չեն իրացվել: Մայրապետյանն ութ տարվա մեջ իր պարտավորությունները չի կատարել, բայց կառավարությունը արդեն երեք անգամ նրան շնորհում է այդ տարածքը ձեռք բերելու իրավունք»,- ասաց Ս. Բաղդասարյանը: