04/03/2015 12:02
Ինչո՞ւ են անհետանում լուսացույցները ու ո՞վ է դրանց տերը. Ոստիկանությունն «անկապ» պատասխան է տալիս
Ուղիղ մեկ ամիս առաջ` փետրվարի 3-ին, Aysor.am-ը դիմեց Ճանապարհային ոստիկանությանը ճշտելու, թե ո՞ւր է Աջափնյակ համայնքի Շիրազ-Ջանիբեկյան խաչմերուկի լուսացույցը, որն այդ պահի դրությամբ արդեն շուրջ երկու-երեք շաբաթ անհետացել էր խաչմերուկից: Սկզբում մեզ փորձում էին համոզել, թե լուսացույցը ընդամենը երկու-երեք օր է, ինչ լքել է իր վայրը, բայց հետո ճշտեցին, որ իսկապես խոսքը մեկ-երկու օրվա մասին չէ, այլ տևական ժամանակ է, ինչ այն չկա: Ու ընդամենը կարողացան հավաստիացնել, թե լուսացույցը կվերադարձվի իր տեղը, այն վերանորոգվում է, բայց ե՞րբ կվերադարձվի,այդպես էլ չհստակեցրեցին:
Անցավ մեկ ամիս. խաչմերուկը շարունակում է մնալ ընդամենը մեկ լուսացույցի հույսին, իսկ ձախ շրջադարձ կատարողները պետք է կամ դիմացից եկող մեքենայի քմահաճույքով առաջնորդվեն` կկանգնի կքշենք, կխաբի` կվթարվենք, կամ էլ, լավագույն դեպքում, սուրճի բաժակը ձեռքներին մեքենան վարեն, որ կարողանան այդ խաչմերուկին մոտենալիս գոնե այդ կերպ կանխատեսեն իրենց ճակատագիրը: Մի խոսքով` ճանապարհային ոստիկանությունը այս հարցում, իսկապես, թերացել է ու անտերության մատնել, ի դեպ, համապետական նշանակության մայրուղու շարունակությունը հանդիսացող ճանապարհահատվածը:
Aysor.am-ը նաև հարցում ուղարկեց Ոստիկանությանը, որպեսզի փոքր-ինչ ավելի պարզաբանվի իրավիճակը: Դե, մարդ ենք, հազար ու մի բան է մտքներովս անցնում, օրինակ` մի խաչմերուկից լուսացույցը հեռացնում են իբրև թե վերանորոգելու պատրվակով ու այդպես էլ չեն վերադարձնում նույն տեղը, փոխարենը մեկ այլ խաչմերուկի համար գումար են դուրս գրում նոր լուսացույց տեղադրելու անվան տակ, բայց իրականում հին են տեղադրում, այդ գումարն էլ… դե էլ չշարունակեմ, առանց այդ էլ ամեն ինչ պարզ է: Իհարկե, չենք կարող պնդել, որ սխեման հենց այդպես է աշխատում, ինչպես որ ենթադրում ենք, բայց խնդիրը նրանում է, որ Ճանապարհային ոստիկանությունը ջանք չի էլ գործադրում՝ ապացուցելու, որ նման բան լինել չի կարող ու խնդիրը իսկապես փչացած լուսացույցը վերանորոգելու և ոչ թե դրանով ինչ-ինչ անօրինական գործողություններ կատարելու մեջ է: Էլ չասենք, որ անսարք լուսացույց վերանորոգելու համար երկու ամիսը, համաձայնեք, մեծ ժամկետ է:
Բայց վերադառնանք մեր հարցմանը ու կառույցից ստացված պատասխաններին: Օրինակ, հարցին, թե քանի՞ նոր լուսացույց է տեղադրվել Երևանում վերջին 6 ամիսների ընթացքում, ոստիկանությունից տեղեկացնում են, որ 2014 թ. ընթացքում Երևանում տեղադրվել է 5 նոր լուսացուցային օբյեկտ։ Կատարվել է 5 հատ հին լուսացույցի վերազինում, 4 հետիոտնային նոր անցումների կառուցում և 6՝ վերազինում։ Կառույցից, ի դեպ, այդպես էլ հստակ պատասխան չտվեցին, թե որքա՞ն գումար է հատկացվում մեկ լուսացույց տեղադրելու համար` նշելով ընդամենը, որ լուսացույցի տեղադրման համար հատկացվող գումարը կախված է տվյալ խաչմերուկի ծավալից և դրա տեղադրման վրա տարվող աշխատանքից։
Նույնատիպ պատասխան տրվեց նաև հարցին, թե եթե լուսացույցը վնասվում է, ապա ինչքա՞ն ժամանակ է հարկավոր այն վերանորոգելու կամ փոխելու համար: Ընդ որում խնդրել էինք, որ հստակ ժամկետ նշվի, բայց ` «Շարքից դուրս եկած լուսացույցի վերականգնման համար ստույգ ժամկետ չի սահվանվում» եղավ պատասխանը: Այսինքն, լուսացույցը կարող է տեղափոխվել վերանորոգման կամ դեն շպրտելու` նորը տեղադրելու ակնկալիքով, իսկ թե այդ ընթացքում, ինչպես Շիրազ-Ջանիբեկյանի դեպքում` ամիսների ընթացքում, քանի վթար տեղի կունենա ջհանդա՜մ:
Ավելին, հետաքրքրվել էինք, թե արդյոք վտանգ չի ներկայացնում իրենից հանգամանքը, երբ երթևեկելի հատվածի մի մասը զրկվում է լուսացույցից ու վարորդները ստիպված են դիմացից եկող մեքենայից գուշակել, թե ընթացք տան մեքենան, թե արգելակեն ու այս մեկի պատասխանը ուղղակի ցնցող է.
«Լուսացույցի խափանման վերաբերյալ ստացված ցանկացած ահազանգ ճանապարհային ոստիկանությունը անմիջապես փոխանցում է «Լուսանշան» ՊՈԱԿ-ին և հետևում, որ հնարավոր սեղմ ժամկետում կատարվեն վերականգնման աշխատանքները։ Մինչ լուսացույցի վերականգնումը ՃՈ ծառայողները նշված տարածքում ապահովում են ճանապարհային երթևեկության անվտանգությունը»։ Ես, որպես վարորդ, ով օրը առնվազն երկու անգամ հատուկ է այդ խաչմերուկը շաբաթ 6 օր, կարող եմ պնդել, որ ԵՐԲԵՎԷ այս ընթացքում նշված տարածքում ՃՈ մեքենա չեմ տեսել ու չեմ նկատել, որ իմ երթեկության անվտանգությունը ապահովվի պետավտոտեսուչների կողմից:
Իհարկե նման լուսավոր ու օպտիմիզմով լի հարցման պատասխան ստանալուց հետո ամենևին էլ չէի ցանկանում ստվերել էլ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ավելի լուսավոր «արեոլը», բայց փաստը մնում է փաստ` Շիրազ-Ջանիբեկյան խաչմերուկը շարունակում է անտերության մատնված մնալ, վթարային իրավիճակ ստեղծող խաչմերուկ հանդիսանալ ու ընդհանրապես` ամեն Աստծո օր ՃՈ-ի հասցեին փաղաքշական արտահայտություններ հնչեցնելու առիթ հանդիսանալ: