04/03/2015 12:58
«Շրջանառության հարկի» փոփոխություններին ԲՀԿ-ն կողմ է քվեարկում՝ ՓՄՁ ներկայացուցիչների խնդրանքով
Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց «Շրջանառության հարկի մասին» օրենքը և դրան կից ներկայացված նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին որոշումը:
Մինչ քվեարկությունը՝ վարման կարգով ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցությունը ներկայացրել էր 3 առաջարկություն, որոնցից 2.5-ն, ըստ էության, ընդունված են: Նա հայտարարեց, որ երեկ իրենք հանդիպումներ են ունեցել փոքր ու միջին ձեռնարկատերերի հետ և կա կոնսենսուս, այդ իսկ պատճառով ԲՀԿ-ն կողմ կքվեարկի օրենքին:
«Կարծում եմ, որ չփաստաթղթավորված մասը ընդհանուր շրջանառության մեջ կլուծվի, և մենք կողմ ենք այդ փոփոխություններին»,- հայտարարեց նա:
ՀԱԿ խմբակցության անունից էլ ելույթ ունեցավ Լևոն Զուրաբյանը, ով հայտարարեց, որ կառավարության կողմից բերվել ու ներկայացվել է մի տարբերակ, որը մեծամասնության կողմից ընդունելի է, սակայն այդ տարբերակում նկատելի է տոկոսների բարձրացում, որի համար ՀԱԿ խմբակցությունը դեմ կքվեարկի:
«Մենք չենք կարող կողմ քվեարկել 5 տոկոսին, որը նախատեսում է տոկոսների բարձրացում»,- ասաց նա:
Ի հեճուկս Լ. Զուրաբյանի՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք հանդիպել են ՓՄՁ-ների ներկայացուցիչների հետ, ովքեր հորդորել են կողմ քվեարկել: «Նրանք են մեզ հորդորել քվեարկել կողմ, մենք նրանց անունից ենք կողմ քվեարկում»,- ասաց նա:
«Մենք նույնպես»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Դեմ քվեարկությամբ հանդես եկավ նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ պատճառաբանելով, որ իր առաջարկությունների վերաբերյալ որևէ տեղեկություն չունի: Վարման խոսքի իրավունքով՝ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իրենց խմբակցությունը ևս դեմ է քվեարկելու:
«Ըստ էության՝ նախագծի հիմքում ընկած է ստվերի և կոռուպցիայի դեմ պայքարը, բայց այս նախագծում մենք չենք տեսնում նման բան»,- ասաց խմբակցության ղեկավարը:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ, խմբակցության անունից ելույթ ունենալով, հայտարարեց, որ ՕԵԿ-ը ձեռնպահ կքվեարկի: «Երեկ Կարեն Ճշմարտիտյանը համաձայնեց, որ նախաձեռնությունը մեկ քայլ առաջ է, բայց դեռ մտահոգություններ կան: Մեր առաջարկը ևս առնչվում էր 5 % տոկոսի շեմին, ինչին խմբակցությունը դեմ էր: Եվ քանի դեռ այդ հարցը լուծված չէ, մենք կքվեարկենք ձեռնպահ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ՓՄՁ-ների ստուգումների մահակը ևս մնում է առկախված:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ, իր հերթին չհամաձայնելով Հեղինե Բիշարյանի ու իր գործընկեր Լևոն Զուրաբյանի հետ, հայտարարեց, որ ինքը նախագծին կողմ կքվեարկի:
«Չեմ թաքցնում, որ կողմ եմ, քանի որ, ճիշտ է, 5 տոկոսն ավելին է, քան 3 տոկոսը, սակայն դրա 2 էդքանն էլ հարկային տեսուչներն են վերցնում»,- ասաց նա:
Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ հայտարարեց, որ ինչ-ինչ հարցերի հետ ինքը ևս համաձայն չէ, սակայն կողմ կքվեարկի:
«Այստեղ կրկին քաղաքական ժարգոններ ենք լսում: Չեմ հասկանում, թե դեմ արտահայվողները ինչին են դեմ: Պետք է դեմ քվեարկեին, թող ի սկզբանե դեմ լինեին: Այստեղ խոսք է գնում ՓՄՁ-ների մասով, ինձ թվում է՝ դա պատճառ չէ: ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու, իսկ իմ գործընկերներին հորդորում եմ՝ զերծ մնացեք քաղաքական շահարկումներից»,- հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղադասարյանը:
Նախագիծն ընդունվեց 92 կողմ, 6 դեմ և 13 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Առաջին ընթերցմամբ՝ քվաերկության դրվեց նաև ՀՀ նախագահի վարձատրության և անվտանգության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որն ընդունվեց 92 կողմ, 2 դեմ, 10 ձեռնպահ հարաբերակցությամբ: