04/03/2015 15:38
Սոցփաթեթի փոփոխություններ. Պետությունն ասում է՝ ես մտահոգված եմ ձեր առողջությամբ
Սոցիալական փաթեթում առողջապահական բաղադրիչը երեք հիմնական փոփոխություն է կրել: Նախ, այսուհետ ամեն տարի սոցիալական փաթեթի շահառուները կանխարգելիչ բժշկական քննություն կանցնեն և դա լինելու է նախապայման, որպեսզի շահառուները կարողանան օգտվել մյուս ծառայություններից:
Երկրորդ` այսուհետ սոցփաթեթով հնարավոր կլինի, եթե լինեն բժշկական ցուցումներ, արտահիվանդանոցային պայմաններում օգտվել հատուկ կամ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններից: Եվ երրորդ փոփոխությունը վերաբերում է այն հանգամանքին, որ հնարավորություն է ընձեռվում սոցիալական փաթեթի մնացած գումարներն ուղղել սոցփաթեթի շահառուի կամ նրա ընտանիքի անդամի համար առողջապահական լրացուցիչ ծառայությունների ձեռքբերման համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը:
«Սոցիալական փաթեթի շուրջ 90 հազար շահառուների հետազոտությունների և բուժման համար 2015թ-ին պետական բյուջեով նախատեսված է 3.3 մլրդ դրամ, որից շուրջ 700 մլն դրամը կուղղվի տարեկան պարտադիր կանխարգելիչ բժշկության քննության համար: Պետությունն ասում է՝ ես մտահոգված եմ ձեր առողջությամբ»,- հայտարարեց բանախոսը:
Ասուլիսի մյուս բանախոսը` ԱՆ աշխատակազմի արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանն էլ ավելացրեց, որ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ պետք է մարդուն ստիպել, որ նա գնա ու հետաքրքրվի իր առողջությամբ: Եվ նման փոփոխությունն անշուշտ կբերի վարքագծի փոփոխության.
«Այս ամենի արդյունքում մարդն ինքը հաջորդ անգամ առանց ստիպելու կգնա ստուգվելու»:
Բանախոսները նշեցին, որ սոցիալական փաթեթի շրջանակում իրականացվող կանխարգելիչ հետազոտությունների շարքում կան այնպիսի հետազոտություններ, որոնք առանց գանգատների ու բժշկական ցուցումների քաղաքացին չի կարող անցնել: