04/03/2015 14:37
Վերնիսաժի կրակոցների գործ. Եթե ցանկանար սպանել, ոտքերին չէր կրակի
Այսօր Երևանի Կենտրոն և նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «Վերնիսաժում կրակոցների» գործով դատական նիստի ընթացքում շարունակվեց վկաների հարցաքննությունը:
Հարցաքննվեց վկա Վահան Հովհաննիսյանը, ով ասաց, որ դեպքից առաջ գնացել է խանութ՝ օղի գնելու, սակայն չի հասցրել, քանի որ հայհոյանք է լսել Վերնիսաժի հարևանությամբ գտնվող էլիտար շենքի բակում և կանգնել է, բայց դժվարացավ հստակ նշել, թե ով էր հայհոյում:
Վկան ամբաստանյալներից ճանաչեց միայն պատգամավոր Կարո Կարապետյանի փեսային` Գոռ Առաքելյանին և ասաց, որ վիճաբանության ժամանակ լսել է ինչ-որ զենքի անուն և սատկացնել բառը:
«Գոռը իջավ, ոտքերի տակ կրակեց, հետո գնաց մեքենայի մեջ կրակեց»,- ասաց նա:
Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանի հարցին, թե կրակոցներից որևէ մեկը վիրավորվե՞լ է կամ արդյոք Գ. Առաքելյանը ցանկանում էր սպանել որևէ մեկին, վկան ասաց, որ տեսել է, որ մի կրակոց գետնին է դիպել, իսկ եթե ցանկանար Գոռ Առաքելյանը սպանել իր հետ վիճաբանող անձանց, «ոտքերին չէր կրակի»:
Դատավորի ճշտող հարցերին ի պատասխան, վկան պատմեց, որ երկու հաղթանդամ երիտասարդներ քաշելով դուրս են հանել Գ. Առաքելյանին իր ավտոմեքենայից, սկսել են ծեծել, իսկ նրանցից մեկն ասել է. «Գնամ զենքս բերեմ, սատկացնեմ» ու գնացել դեպի իր ավտոմեքենան»:
Գործով մեղադրող դատախազը միջնորդեց հետաձգել նիստը: Դատական նիստը հետաձգվեց: