04/03/2015 12:50
Տաքսի ծառայությունների համար սահմանված հին և նոր պայմանները. Ինչի՞ դեմ են բողոքում
Վերջին օրերին տաքսի ծառայության վարորդները տարբեր տեսակի ցույցեր են իրականացնում Երևանում և Երևանից դուրս` բողոքելով Մարդատար-տաքսի ավոտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպումը կանոնակարգող «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում տեղ գտած փոփոխությունների դեմ:
Ի՞նչ է առաջարկվում օրենքում տեղ գտած փոփոխություններով: Նոր կարգով Երևանում տաքսի ծառայություն մատուցելու համար սահմանված ամսական տուրքը կազմում է 12 հազ. դրամ, եռամսյակային կտրվածքով՝ 34 հազ. դրամ, տարեկան կտրվածքով՝ 120 հազ. դրամ:
Մյուս քաղաքներում ամսական տուրքը կազմում է` 8 հազ. դրամ, եռամսյակայինը` 23 հազ. դրամ, տարեկանը` 80 հազ. դրամ:
Գյուղական համայնքներում ամսական տուրքը կազմում է` 5 հազ. դրամ, եռամսյակայինը` 13.5 հազ. դրամ, տարեկանը` 45 հազ. դրամ:
Սահմանամերձ 183 համայնքներում ամսական տուրքը կազմում է`4 հազ. դրամ, եռամսյակայինը` 9 հազ. դրամ, տարեկանը` 30 հազ. դրամ:
Նախկինում տաքսի ծառայություն իրականացնող անձինք վճարում էին եռամսյակային 29 հազ. դրամ արտոնագրային վճար, տարեկան պետական տուրք և կատարում էին տարբեր ծախսեր:
Փոփոխությունով հանվել է տարեկան 25 հազ. դրամ պետական տուրքը, կայանատեղերի առկայությունը (մեկ ավտոմոբիլի կայանման համար առնվազն 20 քառ. մետր մակերես), տեխնիկական վիճակի վերահսկման կետի (դիտափոս կամ էստակադա) առկայությունը և վարորդների ամենoրյա բուժզննման առկայությունը:
Այսպիսով նախկինում վարորդները վճարում էին եռամսյակային 29 հազ. դրամ, իսկ այսօր 34 հազ. դրամ կամ տարեկան վճարումով` եռամսյակը 30 հազ. դրամ: Տաքսու վարորդները խնայում են եռամսյակային կտրվածքով` մոտ 6 հազ. դրամ պետական տուրքից, մոտ 40 հազ. դրամ կայանատեղերի և տեխնիկական դիտափոսերից, և մոտ 15 հազ. դրամ բուժզննումից: Չհաշված այն ժամանակը, որ նրանք ծախսում էին նշված գործողությունների իրականացման համար: Այսպիսով ներկայիս 34 հազ. դրամի փոխարեն նրանք վճարում էին 80 հազ. դրամ:
Այսուհետև, դեղին պետհամարանիշներից ազատվելը թույլ է տվել լիցենզիայի և ներդիրի տրամադրման ժամկետը 30 օրից նվազել է մինչև 10 օր:
Փոփոխությունները ավելի հասկանալի պայմաններ են սահմանել նաև տաքսու ուղևորների համար, ըստ որի մարդատար տաքսի ավտոմոբիլների տարբերանշանները ավելացել են ևս մեկով` գնացուցակի պարտադիր հրապարակմամբ, որը պետք է փակցվի ավտոտրանսպորտի ներսում` տեսանելի մասում: