04/03/2015 13:52
«Տաքսիստներն էլ շահում են լիցենզավորման կարգի փոփոխությունից»
Հունվարից ուժի մեջ է մտել լիցենզավորման կարգի փոփոխությունը, համաձայն որի տաքսիները Երևան քաղաքում պետք է վճարեն ամսական 12 հազար դրամ տուրք, իսկ մայրաքաղաքից դուրս` 8 հազար դրամ տուրք: Բացի այս, այսուհետ բոլոր տաքսիները պետք է ոչ միայն կահավորված լինեն հաշվիչ սարքով, այլև` տարբերակող գրառումներով, ինչը նշանակում է, որ ով պատահի այլևս չի կարողանա սեփական ավտոմեքենայով ու ցանկացած պահի տաքսու վարորդ դառնալ: Փոփոխությունները, սակայն, դժգոհություն են հարուցել տաքսու վարորդների շրջանում, նրանք անգամ բողոքի ակցիա անցկացնել ու սպառնում են շարունակել բողոքի ալիքը ոչ միայն Երևանում, այլև մայրաքաղաքից դուրս` մինչ նոր կարգի կասեցում:
Բայց պարզվեց, որ բողոքի ալիքը ավելի շատ ուռճացված է, քան արտացոլում է իրականությունը: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման կարծիք հայտնեց «Քաղաքական դիրքորոշում» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Դոստուրյանը` նշելով, որ նախ` բողոքի ակցիաները բավականին փոքրաթիվ էին, իսկ երկրորդն էլ` մարդիկ այնքան էլ դեմ չեն փոփոխություններին, ինչի վառ ապացույցն է Տրանսպորտի և կապի նախարարության կողմից ստացված դիմումների քանակը.
«Բացեք և կտեսնեք, թե ինչքան մարդ է դիմել ու ինչքանն արդեն ստացել լիցենզիաները»:
Անդրադառնալով հիմնական այն բողոքին, թե տաքսու վարորդները օրական 3-4 հազար դրամ էլ չեն վաստակում, այդ ինչպե՞ս պետք է վճարեն պահանջվող տուրքը, Գ.Դոստուրյանն ասաց, որ կան տաքսի ծառայություններ, որտեղ օրական 5-6 հազար դրամով աշխատանք են առաջարկում և եթե նման մարդիկ կան, որ բողոքում են, ապա կարող են դիմել իրենց ՀԿ, որտեղից կաջակցեն աշխատանքի տեղավորվելու հարցում:
Նա նշեց, որ իր կարծիքով փոփոխությունները ճիշտ են ու կարևոր, դրանք օգուտ կտան թե սպառողին, քանի որ հաշվիչ սարքով դժվար կլինի քաղաքացուն խաբելը, իսկ տաքսու վարորդներին էլ կտան ապահովության զգացում:
«Խնդիրը նրանում է, որ այսօրվա դրությամբ տաքսիստների շուրջ 30 տոկոսը կազմում են այն մարդիկ, որոնք ունեն այլ աշխատանք, իսկ տաքսի քշում են առավոտյան աշխատանքի գնալուց առաջ կամ հետո` հավելյալ գումար վաստակելու համար: Այս մարդիկ լիցենզիա բնական է չեն հանի, դա նրանց հիմնական աշխատանքը չի ու նրանք դուրս կմնան դաշտից: Հետևաբար այն 70 տոկոսի գործը, ովքեր տաքսի քշելով են գումար վաստակում, կավելանա»,- նշեց նա` շեշտելով, որ ինքը կողմ է փոփոխված այս կարգին: