05/03/2015 13:29
Գյուղատնտեսական հողերի միավորումն այլընտրանք չունի
Հայաստանում գյուղացիական կոոպերատիվների ձևավորման աշխատանքները վերջին տարիներին ակտիվացել են։ Գյուղատնտեսական հողերի միավորումը և դրանց հիման վրա կոոպերատիվների ձևավորումն այլընտրանք չունի։ Փորձը ցույց է տալիս, որ դա կարող է լինել ոլորտում ծառացած խնդիրների լուծանը և զարգացմանը նպաստող կարևոր պայմաններից մեկը։ Փոքր տնտեսությունների համատեղ գործունեությունը հնարավորություն է տալիս խնայել առկա ռեսուրսները, կրճատել ծախսերը, բարձրացնել աշխատանքի և արտադրության արդյունավետությունը։
Մասնավորեցումից հետո հողային ռեսուրսը Հայաստանում մասնատվեց փոքր հողակտորների։ Առաջացան տասնյակ հազարավոր մանր գյուղացիական անհատական տնտեսություններ։ Չնայած հողը հանձնվեց գյուղացուն՝ այնուհանդերձ չլուծվեցին դրա արդյունավետ տնօրինման համար անհրաժեշտ բազմաթիվ խնդիրներ։ Ավելին, մասնատման հետևանքով բարդացավ ոչ մայն հողային ռեսուրսների կառավարումը, այլև՝ արդյունավետ գյուղատնտեսական արտադրության կազմակերպումը։
Որքան էլ ի սկզբանե ենթադրվում էր, որ հողի մասնավորեցումից հետո, կոլեկտիվացման սկզբունքի հիման վրա, աստիճանաբար տեղի կունենա հողերի միավորում, այնուհանդերձ այդպես չեղավ։ Հայաստանում չձևավորվեցին կոլեկտիվ գյուղացիական տնտեսություններ։ Մինչև վերջերս դրանց քանակը կարելի էր հաշվել մատների վրա։ Թերևս դա էլ ստիպեց միջոցներ ձեռնարկել գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացման համար, որը ներկայումս դարձել է պետական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը։
Մշակվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների» մասին օրենքի նախագիծը։ Այն միջազգային փորձաքննություն անցնելուց հետո գտնվում է լրամշակման փուլում։ Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում անասնապահության ոլորտում մասնագիտացված 6 մարզերի 91 համայնքներում ձևավորվել են արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներ, որոնցում ընդգրկված է գրեթե 13 հազար գյուղաբնակ ընտանիք։ Դրանց գործունեությունը բարելավելու, ինչպես նաև հզորացնելու նպատակով ծրագրի շրջանակներում կազմակերպվել են օժանդակության տարբեր միջոցառումներ։ Մասնավորապես՝ տրամադրվել է 545 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում՝ 124 անիվավոր տրակտոր։
Իրականացվել են արոտների ջրարբիացման միջոցառումներ, կառուցվել է 165 կմ ջրագիծ, տեղադրվել 204 խմոց։ Կատարվել են արոտները տանող ճանապարհների անցանելիության ապահովման աշխատանքներ։ Գյուղացիական կոոպերատիվների ձևավորումը նպաստավոր է անդրադարձել դրանց հնարավորությունների ավելացման վրա։ Վկայություններից մեկն էլ այն է, որ շուրջ 25 համայնքային գյուղացիական միավորումներ սեփական եկամուտների հաշվին կարողացել են գրեթե 100 մլն դրամ հատկացնել տեխնիկայի բազան համալրելու համար։
Կարևորելով կոոպերատիվների դերը գյուղատնտեսության զարգացման և արտադրողականության բարձրացման գործում՝ պետական օժանդակության ծրագրերը կշարունակվեն նաև առաջիկայում։ Մասնավորապես՝ այս տարի կտրվի ՀԲ ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը, որի առանցքային ուղությունը դարձյալ լինելու է կոոպերացիայի խթանումը։