05/03/2015 18:36
Ն. Զոհրաբյանը պարզաբանում է. Դա կատարյալ անհեթեթություն է
«Դա կատարյալ անհեթեթություն է, ես նման հայտարարություն, իհարկե, չեմ արել: Կուսակցության կանոնադրության մեջ հստակ ամրագրված է, որ ԲՀԿ-ն ունի քաղաքական խորհրդի նախագահ և նախագահ, և մինչ այժմ այդ երկու պաշտոնները միասին համատեղել է Գագիկ Ծառուկյանը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով մամուլում շրջանառվող տեղեկությունները:
Նշենք, որ լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե այսօր կայացած համագումարից հետո մամուլի ասուլիսում Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ պատրաստվում է դիմել ՀՀ Արդարադատության նախարարությանը կուսակցության կանոնադրությունում փոփոխություն անելու համար, որով կստեղծվի նոր պաշտոն` կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, որը նախատեսվում է Աբրահամ Մանուկյանի համար:
Ն. Զոհրաբյանը հստակեցրեց, որ ասուլիսում ընդամենը ասել է, որ առաջիկա համագումարում կքննարկվի կանոնադրական փոփոխություն անելու հարցը, իսկ «Կուսակցությունների մասին» օրենքը պահանջում է, որ այդ մասին հայտարարվի մեկ ամիս առաջ: Այնպես որ առաջիկայում կայանալիք համագումարում ԲՀԿ-ն պարզապես կտարանջատի այդ երկու պաշտոնները` կուսակցության քաղաքական խորհրդի նախագահի և կուսակցության նախագահի, որովհետև մինչ օրս այդ երկուսը մեկ մարդ է ղեկավարել.
«Մենք այդ պաշտոնները կտարանջատենք: Քանի որ կուսակցության քաղաքական խորհրդի նախագահի հնարավոր թեկնածու շուրջ վերջին օրերին քննարկումներ ունեցել ենք թե խմբակցությունում, թե քաղաքական խորհրդում և թե տարածքային կառույցներում կա համաձայնություն թեկնածուի վերաբերյալ, ապա կուսակցության քաղաքական խորհրդի նախագահի մեր թեկնածուն Վարդան Վարդանյանն է: Այսօր համագումարում և քաղխորհրդի նիստում Վարդան Վարդանյանն ընտրվեց կուսակցության քաղխորհրդի փոխնախագահ և ես, որպես արդեն կուսակցության ընտրված նախագահ խնդրեցի Վարդան Վարդանյանին ֆորմալ առումով ստանձնել նաև քաղխորհրդի նախագահի պաշտոնը` մինչև հաջորդ համագումարով այդ երկու պաշտոնները կտարանջատենք»,- շեշտեց նա:
Հարցին` ստացվում է, որ ԲՀԿ հաջորդ համագումարը տեղի կունենա արդեն ապրիլին, Ն.Զոհրաբյանը հստակ պատասխան չտվեց, բայց և ասաց, որ շատ հավանական է հենց այդ ժամկետը: