05/03/2015 10:04
Պետության և «զոնի» մեջտեղում
Ծանոթներիցս մեկը մի պատմություն էր պատմում այն մասին, թե ինչպես երկու բիզնեսմեն, որ հաջողված միջին բիզնես ունեին, չէին կարողացել իրենց շահերի բախման արդյունքում առաջացած կոնֆլիկտը անձամբ կարգավորել, դատարան էլ չէին ցանկացել դիմել, վերջում «աբռաշատ» էին եղել քրեական հեղինակություններին: Ծանոթ իրավիճակ է չէ՞: Վերջիններս էլ բիզնեսը մաս-մաս էին արել, չնայած սա այնքան էլ կարևոր չէ, կարևորը դիմելու, աբրաշատի «ակտն» է: Նման պատմությունները բազմաթիվ են: Մեր շուրջը, մեր կողքը այդպիսի պատմությունները շատ-շատ են: Իհարկե, դրանց մեծ մասը իրականությանը լիովին չի համապատասխանում, շատերին ավելանում է ժողովորդական պատումը, սերիալային հերոսականությունը: Բայց այն, որ քրեականությունը առօրյա կյանքի բաղկացուցիչ է, որ այդ մշակույթը ներկայացնող մարդիկ հանրային փոխհարաբերություններում լուրջ դերակատարում ունեն անհերքելի է:
Երեկ Նուբարաշենում փոխհարձգություն էր տեղի ունեցել: Երեք մարդու մահվան ելքով: Կրկին շոշափվում են քրեական հեղինակությունների անուններ: Գործի մանրամասները կբացահայտվեն, թե ոչ, կներկայացվեն հանրությանը, թե ոչ, այլ հարց է, բայց որ առաջին արձագանքներից ակնհայտ է հանրության հետաքրքրությունը այս թեմայի շուրջ, դժվար է ժխտել: Առաջին հայացքից սա պետք է դիտվեր որպես հերթական հանցագործություն, ու խնդիրը թողնվեր իրավապահներին: Բայց ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Միանգամից խնդրի քննարկումներում հայտնվում են քաղաքական գործիչների անուններ, հայտնվում են բիզնեսի, քաղաքականության, անձնական կյանքի մասին սյուժեներ, որոնք հասարակությանը անտարբեր թողնել չեն կարող: Ի վերջո, հեռուստաաստղերի ու քաղաքական գործիչների հետ միասին այս մարդիկ մեդիադաշտի «հերոսներն» են նաև:
Խոսքը բնավ այն մասին չէ, որ Հայաստանում կա կազմակերպված հանցավորություն կամ մարդիկ, ովքեր նախընտրում են կյանքի այդ ձևը: Խնդիրը ոչ թե այդ խմբերի ու դրանք ներկայացնող մարդկանց, այլ այդ խմբերում տիրող, կամ դրանց վերագրվող փոխհարաբերությունների, չափորոշիչների՝ հանրային կյանքում զբաղեցրած տեղի մեջ է: Նկատի ունեմ, ինչպե՞ս է ստացվել, որ քրեական մշակույթը իր բուն դերակատարներից, ծավալման տարածքներից դուրս է եկել և դարձել հանրային կյանքի մաս: Ինչո՞ւ է այն դարձել հանրության ու իշխանության համար «ճանաչելի»: Սրանք, իհարկե, բավական խորը հետազոտություններ պահանջող հարցեր են, որոնց դժվար է մեկ անդրադարձով ամբողջովին պատասխանել: Միաժամանակ պարզ է, որ սա զուտ հայաստանյան ֆեմոնեն չէ, ու շատ այլ երկրներում ևս նման խնդիրներ կան: Հետխորհրդային տարածքում այս խնդիրներն ավելի ակնառու են: Համակարգերը նոր են, պետական ինստիտուտները դեռևս լիարժեք չեն կայացել, սոցիալական նոր կարգն էլ, որ հարաբերությունների կենտրոնում կդիտեր պետությունն ու դրա ինստիտուտները, դեռևս չի ձևավորվել:
Հայաստանում իշխանությունները տարբեր տարիների, եթե ոչ սերտաճել, ապա իրենց շատ «քիփ» են պահել քրեական աշխարհի մարդկանց ու շրջանակներին: Պատճառը կրկին պարզ է, այս խմբերը, այդ մարդիկ, նրանց ներկայացրած մշակույթը հանրության բավական խիտ շերտերում ընկալվում են որպես «լեգիտիմ իշխանություն»: Մարդիկ ավելի հաճախ դիմում են հենց այդ իշխանությանն ու դրանց ինստիտուտներին, նորմերին, քան իրական պետական իշխանությանը:
Պետության դիրքավորումն այս հարցում տեսականորեն պարզ է, կա՛մ պետք է դեմ դուրս գալ ու տոտալ պայքար սկսել այս ամենի դեմ, կա՛մ էլ պետք է փորձի իր ազդեցության գոտում պահել այս խմբերին՝ վերահսկելով ու միաժամանակ քվոտաներ տալով: Ընդ որում, որքան էլ առաջին հայացքից պետության ու քրեական աշխարհի հակադրությունը պարզ ու ենթադրելի թվա, պրակտիկայում դա այնքան էլ հեշտ չէ: Իհարկե, պետական ուժային կառույցները արագ կարող են իրականացնել «զախվատի» գործողություններ, բայց սրանով հարցը չի լուծվելու:
Օրինակը Վրաստանն է, որտեղ պետական մեքենայի տոտալ հարվածներից հետո նույնիսկ այդ ռեսուրսները հնարավոր չեղավ դուրս մղել: Սահակաշվիլուց հետո, Իվանիշվիլուն հաջողվեց միավորել ու հաղթանակի գործում կիրառել վտարված քրեական շրջանակների ռեսուրսները: Ունենք նաև դրա մեկ այլ վառ օրինակ Հայաստանում, երբ անկախության առաջին տարիներին, Վանո Սիրադեղյանն էր հիմքից փորձում արմատախիլ անել քրեականությունը՝ օրենքով գողերին վտարելով Հայաստանից: Անկախական ու ժողովրդավարական գաղափարներով տոգորված՝ նորանկախ Հայաստանի մթնոլորտում սա պետք է չէ՞, որ փայլուն միտք համարվեր: Այո, այդպես էլ կար: Բայց արդյունքները այլ բանի մասին փաստեցին: Դատարկ մնացած տեղերը զբաղեցրեցրին այլ սուբյեկտներ, ասենք՝ թաղային ոստիկանները սկսեցին ստանձնել թաղային հեղինակությունների գործառույթները: Իսկ հանրային պահանջարկը շարունակեց մնալ: Ելքը, իհարկե, բնավ պրոբլեմը հանրության վրա գցելու մեջ չէ։ Ի վերջո, հանրությունը միայն ներկայացնում է պահանջարկ, բայց դրանց բավարարումը, «առաջարկը», միշտ իշխանությունների գործողությունների դաշտում է: Բայց պետք է նաև հասկանանք, որ սա մեկ որոշմամբ լուծվող հարց չէ:
Նորանկախ Հայաստանի կյանքում՝ սոցիալական նոր կարգի ձևավորման սկզբանական փուլում, քրեական հեղինակությունների ինսիտիուտը հանրային մեծ պահանջարկ է ունեցել. ակտիվ ընտանեկան ու ազգակցական փոխհարաբերությունները, բիզնեսն ու նաև քաղաքական գործընթացները սերտաճել են այդ քրեական միտումների հետ: Ժամանակի հետ քրեականությունը դարձել է քաղաքական ու հանրային կյանքի մի կարևոր մաս:
Որևէ տեղ կազմակերպված հանցավորությունը վերացնել ամբողջովին հնարավոր չէ, ու այս խնդիրն էլ մեզ չի տրված, սրանով իրավապահները պետք է զբաղվեն: Դեպքերի քննությունը թողնելով իրավապահ մարմիններին, իսկ այդ խմբերի, դրանց անդամների ու փոխհարաբերությունների մանրամասները քրեագետներին, ամեն դեպքում ֆիքսենք, որ այս ոլորտում, որպես պետություն ու հանրություն, խնդիր ունենք: Խնդիրն էլ բնավ, ոչ թե այս կամ այն երևույթը որպես չարիք հայտարարելն ու դրա դեմ խաչակրաց արշավանք տանելն է, այլ տարանջատելն է, հստակ սահմաններ գծելը, որտեղ է սկսվում և որտեղ ավարտվում պետությունը, քաղաքացին, ինչ կանոններով ու նորմերով ենք ապրում: Արդյոք պետությունը՝ որպես համակեցության ձև, ընկալում ու համարո՞ւմ ենք բացարձակ արժեք, թե՞ այն ընկալում ենք միայն որպես ռեսուրս՝ անսպառ պահեստի տեսքով, որ միայն մեզ պաշտպանելու ու սնելու ֆունկցիա ունի և վերջ: Եթե այդպես է, եթե մեր կյանքը կարգավորող այլ մեխանիզմներ ունենք, եթե լեգիտիմ այլ միջոցներ կան մեր կյանքում, քան պետությունն է, ուրեմն միգուցե պետություն չե՞նք ուզում ունենալ: