05/03/2015 17:12
Այսօր Արցախի հերոս, ՊԲ առաջին հրամանատար Սամվել Բաբայանի ծննդյան օրն է
Այսօր Արցախի Հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1965թ.-ին՝ Ստեփանակերտում:
1988թ.-ից մասնակցել է Արցախյան շարժմանը: 1989-91թ.-ին` եղել է Ստեփանակերտի 2-րդ կամավորական ջոկատի հրամանատար, կենտրոնական շտաբի անդամ, ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարի տեղակալ:
1991թ.-ի հունիսին «Կոլցո» գործողության ժամանակ ձերբակալվել է ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի կողմից և ավելի քան 6 ամիս պահվել Շուշիի և Բաքվի բանտերում: 1992թ. մարտից օգոստոս եղել է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարի տեղակալ, 1992թ. օգոստոս-1993թ. ապրիլ` ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի 1-ին փոխնախագահ, 1993թ. ապրիլից նոյեմբեր` ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի պաշտոնակատար, 1993թ. նոյեմբերից 1999թ. դեկտեմբեր` եղել է ԼՂՀ ՊԲ հրամանատար, 1995-99թթ.` ԼՂՀ առաջին պաշտպանության նախարար:
1992-94թթ. եղել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի անդամ, 1992-95թթ.` ԼՂՀ ԳԽ պատգամավոր:
1992-94թթ. համակարգել է ԼՂՀ պաշտպանական շրջանների մարտական գործողությունները, մասնակցել Շուշիի ազատագրման պլանի մշակմանը, եղել ուղղության հրամանատար: 1996թ.-ին ստացել է ԼՂՀ ՊԲ գեներալ-լեյտենանտի կոչում, 1997թ.-ից Արցախի Հերոս է և ԼՂՀ բարձրագույն՝ «Ոսկե Արծիվ» շքանշանակիր:
Ձախից՝ Սամվել Բաբայան, աջից՝ Բակո Սահակյան: