05/03/2015 14:35
Ս. Օհանյան. Հայկական բանակը տեղում չի դոփում՝ այն կատարելագործվում է
Հայկական բանակը տեղում չի դոփում: Այն մրցունակ է, անընդհատ կատարելագործվում է, զարգացնում է փոխգործունակ կարողությունները՝ մեր անվտանգության ապահովման համար ստեղծելով միջազգային երաշխիքներ: Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Եթե Վազգեն Սարգսյանն այստեղ լիներ, իսկ նա հոգեպես մեզ հետ է, ինքն ուրախության պահեր կապրեր, կհպարտանար մեր Հայկական բանակի համար»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նախարարի խոսքով՝ սպարապետի երազանքն է եղել ստեղծել, կատարելագործել, զարգացնել Հայկական բանակը:
«Գիտեք, դժվար ժամանակներում ենք ապրում, անհրաժետ է, որ բանակը կարողանա ապահովել մեր ժողովրդի խաղաղ արարումը, թեկուզ մեր ծառայակից ընկերների կյանքի գնով, հերոսություններով, քաջագործություններով, բայց մենք համեմատական, հարաբերական հրադադարի պայմանները պաշտպանում ենք, ժողովուրդը կարողանում է խաղաղ արարել»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք, որ այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: