05/03/2015 14:05
Սաքունց. ՔԿՀ-ներում վիճակը չի փոխվում
Հունվարին Եվրոպայի խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեն Հայաստանում քրեակատարողական հիմնարկների մասին զեկույց էր հրապարակել՝ կոմիտեի պատվիրակությունների 2013-2014 թթ. այցելությունների հիման վրա:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանն ասաց, որ զեկույցում անդրադարձ կա քրեակատարողական հիմնարկներում բուժսպասարկման և գերբնակեցման խնդիրներին, հիմնական խնդիրներից է նաև վաղաժամկետ պայմանական ազատման ինսիտուտը:
Հայաստանի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ իր հերթին ասաց, որ այդտեղ առկա են նաև նախորդ զեկույցներում նշված խնդիրները, ինչը վկայում է, որ վիճակը չի փոխվել:
Ա. Սաքունցի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկներում բավական լուրջ խնդիր են հանդիսանում կոռուպցիոն ռիսկերը:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կազմ-վերլուծական, իրավական և միջազգային հարաբերությունների բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Միքայել Զախարյանը ասաց, որ զեկույցում ուղղվածությունն ավելի շատ դրական է, ողջունում են կատարված փոփոխությունները, մասնավորապես, ողջունվում է քրեակատարողական վարչության պետի ցուցումը, որ ոչ բոլոր դատապարտյալները խցերից դուրս տեղաշարժվելու ժամանակ կրեն ձեռնաշղթա կամ ոտնաշղթա:
Մ. Զախարյանը նաև ասաց, որ կոմիտեն ողջունել է նաև այն օրենսդրական նախաձեռնությունը, որ ցմահ ազատազրկվածները չառանձնացվեն մյուս դատապարտյալներից: