05/03/2015 21:24
Սահմանադրական բարեփոխումն անհրաժեշտ է, ինքնանպատակ չէ. Շարմազանով
Քննարկումներից հետո հանրապետության Նախագահը իր որոշումը կկայացնի: Կոռեկտ չէ, որ ես այսօր խոսեմ այդ մասին, բայց մոտ ապագայում ավելի մանրամասն կտեղեկանաք քննարկումների մասին: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների մասով սպասվելիք՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքի հրապարակմանը:
Շարմազանովի խոսքով` Սերժ Սարգսյանը մարտ ամսվա ընթացքում կհայտնի իր կարծիքը.
«Այո, Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը կա, դրանք ինքնանպատակ չեն: Նախագահը իր կարծիքը կհայտնի, որից հետո կշարունակենք»,- ասաց նա՝ հստակեցնելով, որ բարեփոխումները ԳՄ նիստում չեն քննարկվել:
Անդրադառնալով ԲՀԿ այսօրվա համագումարին ու կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանն այն մասին, որ ԲՀԿ-ն այսուհետ ընդդիմություն է, Է. Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ-ն հարգանքով է վերաբերվում Գ. Ծառուկյանի որոշմանը:
«Դա իր անձնական որոշումն է, այլ բան ավելացնելու չունեմ»,- նշեց նա:
Լրագրողի հարցին` գո՞հ են այն զարգացումներից, որ տեղի ունեցան ներքաղաքական կյանքում անցած քսան օրերի ընթացքում, ԱԺ փոխնախագահն ասաց. «Գոհ կամ դժգոհ լինելը քաղաքական կատեգորիաներ չեն»:
Է. Շարմազանովն ասաց, որ այլընտրանք եզրույթը իր համար անհասկանալի էր` լինում է կա՛մ ընդդիմություն, կա՛մ իշխանություն: Բայց թե ինչ քաղաքական կուրս կունենա ԲՀԿ-ն այսուհետ, միայն այդ կուսակցության որոշելիքն է: Նշեց միայն, որ ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, որը կառուցողական է.
«Մեկ օրվա ընթացքում ընդդիմադիր չեն դառնում: Պետք է ճշտենք միայն, որ ԲՀԿ-ն իր նախկին ղեկավարով ու կուսակիցներով, որոնք արդեն լքել են կուսակցությունը, մի կուսակցություն էր, այսօրվա ԲՀԿ-ն՝ իր նոր ղեկավարով, այլ կուսակցություն է»,-ընդգծեց Է. Շարմազանովը:
«Մենք անձնական հաշիվներ չունենք ու անձնական խնդիրներ չունենք: Մեր պայքարը բոլոր ժամանակներում եղել է երևույթի դեմ: Մենք քննարկում ենք երևույթները և կարծում ենք, որ ընդդիմությունը բանավեճի առարկա պետք է դարձնի գաղափարները: Այսօրվանից ընդդիմադիր դաշտում սկսվում է նախապատրաստությունը 2017 թ-ի խորհրդարանական ընտրություններին, այսօր մարդիկ պետք է դիրքավորվեն ընդդիմադիր դաշտում և տեսանելի կլինի, որ քաղաքական ուժերը պայքար են մղելու ընդդիմադիր էլեկտորատին տիրանալու համար»,- շեշտեց նա` ընդգծելով, որ ՀՀԿ-ն, ի տարբերություն նրանց, չի նախապատրաստվում այսօրվանից ընտրություններին, քանի որ այլ անելիքներ ունեն:
Կյանքը վերահաստատեց, ըստ Շարմազանովի, որ իր թերություններով ու խնդիրներով հանդերձ՝ Հանրապետականն ամենամեծ շանսերը ունի:
Ի դեպ, ՀՀԿ-ական գործիչը շնորհավորեց լրագրողական համայնքին այն կապակցությամբ, որ Նաիրա Զոհրաբյանը ընտրվել է կուսակցության նախագահ:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք համապատասխանո՞ւմ են իրականությանը լուրերն այն մասին, որ Գյումրու արդեն նախկին ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը պատրաստվում է հիմա էլ համալրել ՀՀԿ շարքերը, Է. Շարմազանովն ասաց, որ Ս. Բալասանյանը ԱԺ նախկին փոխխոսնակն է, և ինքը կոռեկտ չի համարում իր գործընկերոջ ապագա քայլերի մասին կարծիք հայտնելը: