05/03/2015 10:46
Այսօր Սպարապետի ծննդյան օրն է
Այսօր հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետ, պաշտպանության նախարար, Հանրապետական կուսակցության նախագահ, «Միասնություն» դաշինքի համանախագահ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է:
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թ. մարտի 5–ին՝ Արարատ գյուղում։ 1980 թ. նա ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը, այնուհետև հարազատ գյուղի միջնակարգ դպրոցում աշխատել է որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ 1983-1986 թթ.-ին եղել է Արարատի ցեմենտի գործարանի կոմերիտմիության քարտուղարը։ 1986-1989 թթ. Սարգսյանն աշխատակցել է «Գարուն» ամսագրին՝ որպես հրապարակախոսության բաժնի վարիչ։ 1987-ին «Հացի փորձություն» գրքի համար արժանացել է Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակին։
1991 թ. Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար, 1993-ին` ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ։ 1993-ից` «Երկրապահ» կամավորական միության նախագահն էր, 1993-95-ը ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարարն էր, 1995-99-ը` դարձյալ ՀՀ պաշտպանության նախարար։ 1999-ի հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր։
Վազգեն Սարգսյանը սպանվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին՝ ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ։ Վազգեն Սարգսյանը 1999-ին հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի կոչման։
Եթե ազգը չգտնի 500 նվիրյալ` 300 միլիոնանոց ազգ լինի, թե 5 միլիոնանոց, դատապարտված է կործանման: Փառք Աստծո, որ մեր մեջ գտնվեցին նման մարդիկ:Ադրբեջանին դա չհաջողվեց անել¸ որովհետեւ նրանք չունեին ոգեղենը, նպատակին հասնելու մղումը, այն գաղափարը, որ հայրենիքն ամեն ինչից վեր է: Վազգեն Սարգսյան
1992թ. օգոստոսի 8-ին Արծվաշենի անկումից անմիջապես հետո ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը որոշում է կայացնում դիմել ազգի օգնությանը: Նրա կոչով միայն Արծիվ-մահապարտներում հավաքվեցին 372 զինվոր¸ ամենակրտսերը` Ճուտը 16.5 տարեկան էր, ամենամեծահասակը` 53 տարեկան: