06/03/2015 14:25
ԲՀԿ-ն փնտրում է կենտրոնական գրասենյակ. Ի՞նչ է սպասվում ԲՀԿ տարածքային գրասենյակներին
Առաջիկայում ԲՀԿ-ն շատ անելիք ունի, այդ թվում և գույքային ու տեխնիկական բազայի հետ կապված: Այս մասին Aysor.am-ին ասաց ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները ժամանակավոր ստանձնած պատգամավոր Վահան Բաբայանը` տեղեկացնելով, որ այս պահի դրությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնական գրասենյակի համար նոր տարածք է փնտրում:
Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ կարգավիճակում են ԲՀԿ տարածքային գրասենյակները և ինչպիսին կլինի դրանց հետագա ճակատագիրը, Վ. Բաբայանը նշեց, որ այս պահի դրությամբ կուսակցության ղեկավար մարմինը զբաղվում է նման հարցերով և «պետք չի ինչ-որ բաներ փնտրել».
«Կարծում եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում այդ ինվենտարիզացիան` տեխնիկական և գույքային խնդիրների շուրջ կավարտվի ու ամեն ինչ կհստականա»: ԲՀԿ խոսնակն ասաց նաև, որ հարկավոր է հասկանալ, թե որ կառույցներն են, անհատներն ու գործիչներն են, որ ցանկանում են մնալ կուսակցությունում կամ հակառակը` լքել այն: Այս գործընթացը, հիշեցրեց նա, շարունակվում է և երբ ամեն ինչ վերջնական կլինի, ապաև տեխնիկական հարցերի լուծումները կտրվեն.
«Այդ հարցերը իրականում երկրորդական են: Կարևոր է մեր թիմի և կուսակցական համակիրների, մեր անդամների ստվար բանակի պահպանման հարցը, ինչու չէ` նաև ավելացման խնդիրն է առաջնային լինելու առաջիկայում: Իսկ ես վստահեցնում եմ` կուսակցությունից ինչպես դուրս են գալու, այնպես էլ նոր անդամներ են անդամագրվելու» ,- ընդգծեց նա:
Վ. Բաբայանից հետաքրքրվեցինք նաև, թե ե՞րբ տեղի կունենա ԲՀԿ խմբակցության նիստը, որում կքննարկվի խմբակցության ղեկավարի, քարտուղարի ու նաև կուսակցության նոր խոսնակի ընտրության հարցը, սակայն պատգամավորն ասաց, որ այս պահին ժամկետ հնչեցնել չի կարող: