06/03/2015 10:28
Նաիրա Զոհրաբյան. Հարգում եմ Տ.Ուրիխանյանի կայացրած որոշումը
«Որևէ տեղեկություն գրառման ենթատեքստի վերաբերյալ չունեմ: Ես կարծում եմ, որ եթե իմ շատ հարգարժան գործընկեր Տիգրան Ուրիխանյանը որևէ մտադրություն ունի կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները լքելու կամ այլ ծրագրեր ունի, ապա կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ նախապես մենք այդ մասին տեղեկացված լինեինք»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի Facebook-յան գրառումը:
Ն.Զոհրաբյանն ընդգծեց` եթե Տիգրան Ուրիխանյանը ինի-ինչ որոշումներ ունի կայացրած, ապա ինքը հարգում է գործընկերոջ կայացրած որոշումը և եթե այլ ծրագրեր ունի` մաղթում ամենայն հաջողություն և բարիք բոլոր ծրագրերում.
«Ինքը տաղանդավոր երիտասարդ է, ինքը շնորհալի երիտասարդ է, ունակ և կարող կադր է և վստահաբար կունենա հաջողություն, եթե, կրկնում եմ, ունի այլ ծրագրեր: Համենայնդեպս կուսակցությանը, որևէ մեկին Տ.Ուրիխանյանը այդ ծրագրերի մասին չի տեղեկացրել»,- նշեց Ն. Զոհրաբյանը:
Ն. Զոհրաբյանն ավելացրեց նաև, որ եթե պատգամավորը ցանկանում է հրաժարվել ԲՀԿ խոսնակի պարտականություններից, ապա որպես կիրթ և դաստիարակված երիտասարդ՝ ճիշտ կլիներ, որ Տ.Ուրիխանյանը, ինչպես և պայմանավորվել են բոլորի հետ միասին, տեղեկացներ կուսակցությանը իր որոշման մասին: