06/03/2015 14:34
Ռ․ Բաբայան. Չգրված օրենքները դառնում են ավելի կարևոր, քան՝ գրվածները
«Սիմվոլիզմ կա այստեղ՝ գաղութի մոտ են գնդակահարել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության մասին այսպիսի տեսակետ հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Ըստ հոգեբանի՝ քրեական աշխարհում նման երևույթները շատ հաճախ են լինում, դա քրեական աշխարհում բնորոշ վարվելակերպ է, բայց բնորոշ չէ մեր հասարակությանը:
«Ցուցադրական են արել, որովհետև, կարելի ասել՝ կատարել են դատավճիռ, որ էս էր քո վերջը»- նշեց հանդիպման մյուս բանախոս՝ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Նրա խոսքերով՝ կրիմինալը մեր հասարակության մեջ շատ տարածված է, կուլտուրական խոսելը մեր հասարակության մեջ ամոթ է, եթե տղամարդ ես, պիտի անպայման մռութ ջարդես:
Ըստ Բաբայանի, չգրված օրենքները դառնում են ավելի կարևոր, քան՝ գրվածները, ոստիկանություն դիմելը դառնում է ստորություն: Բանախոսի կարծիքով՝ իշխանությունները ևս կապված են քրեական աշխարհի հետ, այդպես եղել է նաև բոլշևիկների մոտ, երբ նրանք կրիմինալի միջոցով հարցեր էին լուծում:
Տիկնիկայինի գեղարվեստական ղեկավարի կարծիքով՝ մեր խնդիրը մտածողության փոփոխությունն է, երբ հեղինակություն բառը միանշանակ ասոցացվում է կրիմինալ հեղինակության, ոչ թե մշակութային հեղինակության հետ:
Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ ավելացրեց, որ սերիալները շատ մեծ ազդեցություն են թողնում հատկապես դեռահասների վրա: Հոգեբանը մասնավորապես նշեց, որ չճանաչելով երրորդմասցի Լյովիկին, մի երեխա ասել է՝ իմացար, մեր Լյովիկը մեռավ: