06/03/2015 15:19
Ս. Մինասյան. Ծառուկյանը կարող է և վերադառնալ
«Բարգավաճ Հայաստանին» այս իրավիճակին բերեցին սխալ հաշվարկներն ու հապշտապ քայլերը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` նշելով, որ այն ԲՀԿ-ն, որ կա այսօր ընդամենը հունվարյան ԲՀԿ-ի թույլ նմանակն է: Թեև միևնույն ժամանակ կարծիք հայտնեց, որ գործող իշխանությունն էլ բավականին թույլ դիրքերում է, քանի որ չունի հանրության աջակցությունը:
Ի դեպ, քաղաքագետի համար ամենևին էլ նորություն չէր կուսակցության նոր ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ ԲՀԿ-ն այսուհետ ընդդիմություն է:
«Փետրվարին կայացած խորհրդաժողովի ժամանակ Գագիկ Ծառուկյանի ելույթն ու դրա շեշտադրումները ենթադրում էին, որ կուսակցությունը գործելու է ընդդիմադիր դաշտում: Ի վերջո` արտահերթ ընտրությունների պահանջը հենց դա էր նշանակում: Բայց ես վստահ եմ, որ Ծառուկյանն ամենամեծ սխալը թույլ տվեց 2012թ-ին, երբ նախագահական ընտրությունների նախաշեմին հետ կանգնեց ու չկարողացավ կոնսոլիդացնելով ընդդիմությունը` մասնակցեր ընտրություններին»,- ասաց Սերգեյ Մինասյանը:
Քաղաքագետը հայտարարեց, որ թեև Ծառուկյանը հայտարարել է ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին, բայց չի կարելի բացառել նրա վերադարձը` ասենք` 2018թ-ի նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով: Թեև այդտեղ էլ ԲՀԿ նախկին առաջնորդին խնդիրներ են սպասվում:
«Շատ կարևոր է հաշվի առնել քաղաքական գործչի իմիջը, իսկ Ծառուկյանը երկու անգամ հետքայլ է արել: Կարծում եմ՝ իր համար շատ դժվար կլինի երրորդ անգամ փորձել ժողովրդի վստահությունը շահել… բայց ոչինչ բացառել պետք չի»,- հավելեց Ս.Մինասյանը: