06/03/2015 19:37
Պարույր Հայրիկյան, մայրիկյան... ինձ չեն հետաքրքրում. Տ. Կարապետյան
«Ժողովրդական» կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը չի պատրաստվում այլևս համագործակցել ԲՀԿ-ի հետ: Նա չի հավատում, որ ԲՀԿ-ն այլևս կարող է ընդդիմադիր դիրքերից հանդես գալ: Բացի այդ՝ Կարապետիչին վստահություն չի ներշնչում ԲՀԿ-ի նոր անձնակազմը:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում վերջինս նշեց, որ իր համագործակցությունն այդ ուժի հետ հիմնականում պայմանավորված էր Գագիկ Ծառուկյանի անձով: Ինքը հավատում էր, որ միայն նա կկարողանա իշխանափոխության հասնել այս երկրում: «Եթե հիմա նա չկա, այլևս անիմաստ եմ համարում համագործակցությունը: Եթե նա չկա, ես չեմ հավատում, որ գործող ԲՀԿ-ն կկարողանա հասնել իշխանափոխության: Չեմ էլ կարծում, թե այն ընդդիմադիր կեցվածք կունենա»,- ասաց Կարապետյանը:
Դիտարկմանը՝ ձեզ վստահություն չի ներշնչում ԲՀԿ նորընտիր ղեկավա՞րը, թե՞ այլ պատճառնր ևս կան, Տ. Կարապետյանը պատասխանեց. «Նա ինձ վստահություն չի ներշնչում: Ես միշտ էլ հայտարարել եմ, որ կարևորել եմ Գագիկ Ծառուկյանի գործոնը, ում պատճառով համագործակցել եմ մեծ եռանդով. հիմա այդ եռանդըն այլևս չկա»,- շարունակեց նա՝ ընդգծելով, որ «Ժողովրդական» կուսակցությունն ուզում է ինքուրույն առաջ գնալ, որպես առանձին արտախորհրդարանական ուժ:
Մեր դիտարկմանը՝ իսկ ձեզ կհաջողվի՞, Տ. Կարապետյանը հավելեց. «Մենք միշտ էլ եղել ենք առանձին ուժ: Դուք տեսաք, թե ԲՀԿ-ից որքան մարդ դուրս եկավ: Եթե կռիսները նավից փախչում են, ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց նա՝ հավելելով, որ այլևս անիմաստ է համարում ԲՀԿ-ի հետ պայքարը:
Ի դեպ՝ Տ. Կարապետյանը հրավեր չի ստացել նաև «հին» ընդդիմադիր ուժերի կողմից հրավիրված քննարկումներին:
Հիշեցնենք, որ այս օրերին ակտիվ քննարկումներ են ընթանում նոր, արմատապես փոփոխված ընդդիմություն ձևավորելու շուրջ:
Տ. Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը ոչ ցանկություն ունի այդ ուժերի հետ համագործակցելու, ոչ էլ մտադրություն: «Պարույր Հայրիկյան, մայրիկյան… Րաֆֆի…Ինձ դա չի հետաքրքրում»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ իսկ դուք ձեզ տեսնո՞ւմ եք նոր, արմատապես փոփոխված ընդդիմության կազմում. Տ. Կարապետյանն արձագանքեց. «Ես դեռ չեմ տեսնում ընդդիմություն, որ տեղ ունենամ այդ կազմում, կամ չտենամ»,- եզրափակեց նա: