06/03/2015 15:30
«Իշխանությունների համար դժվա՞ր է ուղևորավարձի 100 դրամը իրենք վճարեն»
Իշխանությունների համար դժվա՞ր է ուղևորավարձի 100 դրամը իրենք վճարեն, մյուս 100-ն էլ ուղևորը տա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ փոխադրող ընկերությունները հայտնվել են անելանելի վիճակում, 7 երթուղի փակվել է, 200 փոխադրամիջոց առանց շահագործման կանգած են, ինչպես նաև վարորդների պակաս կա:
«Դրանից առաջին հերթին տուժում են ուղևորները, որովհետև եթե առաջ մի կետից մյուս կետ հասնելու համար օգտվում էին մեկ երթուղուց և վճարում 100 դրամ, հիմա հասնելու համար պետք է երկու երթուղային նստեն և ստացվում է, որ վճարում են 200 դրամ»,-ասաց նա:
Հ. Եղիազարյանը ասաց, որ եթե ուղևորավարձը չբարձրանա, ապա գնալով երթուղայինների թիվը նվազելու է, իսկ եղած փոխադրամիջոցներն էլ շարքից դուրս են գալու, և որոշ ժամանակ հետո տրանսպորտ չենք ունենալու: