06/03/2015 15:07
Նաիրա Զոհրաբյանը լավագույն տարբերակն էր. Լյուդմիլա Սարգսյան
ՎՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, շնորհավորելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր վարչակազմին՝ ի դեմս նորընտիր ղեկավար Նաիրա Զոհրաբյանի, նորանոր հաջողություններ է մաղթում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լ. Սարգսյանն ասաց, որ վերջապես հանգուցալուծվեց այն իրավիճակը, որը ստեղծվել էր փետրվարի 12-ից ի վեր:
«Ես գտնում եմ, որ Նաիրա Զոհրաբյանն առաջարկված տարբերակներից լավագույնն էր՝ ընդհանուր թիմից, որը Գագիկ Ծառուկյանից հետո կարող էր ստանձնել նրա տեղն ու բոլոր պարտավորությունները, կարգավորել ստեծված իրավիճակը: Նրան ուժ, կորով, համառություն և հաջողություն եմ մաղթում՝ բռնած այս դժվարին գործում: Նման իրավիճակներից հետո թիմը նորից վերակազմավորելու համար բավականին մեծ ջանքեր են պահանջվում, բայց դա միայն ժամանակի հարց է: Նրանք նոր ծրագրերի մշակման փուլում են, իսկ այն, որ ԲՀԿ-ն պետք է ընդդիմություն լիներ, դա արդեն իսկ սպասելի էր»,- հայտարարեց նա:
Լ. Սարգսյանի խոսքով՝ մի փոքր դժվար է հարթել այն բոլոր հարվածները, որն, ըստ էության, ընդունեց իր վրա այս ընթացքում և այդ կուսկացությանն այլև ոչինչ չէր մնում, քան՝ հռչակվել ընդդիմություն: «ԲՀԿ-ն դեռ պետք է կարողանա ինքն իր վրայից թոթափել այն բեռը, որն այսօր կուտակվել է նրա վրա: Շատ քիչ քաղաքական ուժեր կգտնվեին, որոնք կդիմանային այդ հարվածներին, բայց դիմացավ: Փառք ու պատիվ այն քաղաքական թիմին, որը կանգնեց Ն. Զոհրաբյանի կողքին, ու նրան սատար կանգնեց: Վսահ եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում նրանք կկարողանան վերագտնել ու վերահաստատել իրենց կայուն տեղն ու դերը ընդդիմադիր դաշտում»,- ասաց Լ. Սարգսյանը:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հետ հետագա համագործակցությանը, ապա պատգամավորը նշեց, որ ժամանակը ցույց կտա, թե ինչ ուղղությամբ կշարունակվի այդ համագործակցությունը, բայց, որ համագործակցություն կլինի, դա միանշանակ է:
«ՀԱԿ-ը արդեն պատրաստակամություն է հայտնել համագործակցելու համար: Քննարկում դեռ չի եղել, բայց որպես ՎՍԴՀԿ ատենապետ, արդեն առիթ ունեցել եմ համագորակցել ԲՀԿ-ի հետ: Եվ եթե լինի դրա անհրաժեշտությունը ևս մեկ անգամ, ապա ես դրանում խնդիր չեմ տեսնում: Մենք կարող ենք մշակել մեր միասնական նպատակներն ու ծրագրերը: Եվ ոչ միայն պետք է ԲՀԿ-ի հետ համագործակցենք, այլև պարտավոր ենք այդ թիմին օգնել, որպեսզի նրանք վերահաստատվեն ընդդիմադիր դիրքերում»,- ասաց նա՝ շեշտելով, որ համագործակցության համար առաջին իսկ պատճառն այն է, որ ԲՀԿ-ն արդեն իրեն հռչակել է ընդդիմություն, իսկ դա հույս է ներշնչում, որ առաջիկայում կմշակվեն համատեղ ծրագրեր:
Եթե ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի ծրագրերը չեն փոխվել, ապա, նրա խոսքով, կապ չունի, թե ով է կուսակցության ղեկավարը: Կարևորն այն է, որ այդ համագործակցությունը շարունակվի: «Կարծում եմ՝ ԲՀԿ-ի տրամադրությունների մեջ առանձնակի փոփոխություններ չեն լինի: Նրանք կպայքարեն երկրում օրինականության հաստատաման համար և կփորձեն լինել ժողովրդի կողքին: Կարծում եմ՝ համագործակցության համար եզրեր դեռ շատ կլինեն: Ինչպես գիտենք, խնդիրները երկրում բավականին շատ են և այդ խնդիրների լուծումն, այսպես, թե այնպես, առիթ են դառնում հետագայում ևս համագործակցելու համար: Իսկ ժողովուրդն էլ իր հերթին է ակնկալում ընդդիմության համախմբում: Ըստ էության, երկրում ծանր վիճակ է, իսկ քաղաքական դաշտն՝ ամայացած: Այն բոլոր հավակնությունները, որոնք որդեգրվել էին իշխանության կողմից՝ Գագիկ Ծառուկյան անձի նկատմամբ, կարծում եմ, կարող էին կիրառել նաև ՀՀԿ յուրաքանչյուր անդամի նկատմամբ»,- նշեց Լ. Սարգսյանը: