06/03/2015 16:18
Քննարկում. Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց անգործունակությանը հարցը վերանայման կարիք ունի
ՀՀ օրենսդրության համաձայն հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց գործունակության սահմանափակում տեղի է ունենում լրիվ չափով: Այս մասին այսօր «Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հիմնահարցերը և լրիվ անգործունակության ինստիտուտը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը.
«Այս տարվա սկզբում մեր կազմակերպությունը վերջնականացրեց իր ուսումնասիրությունը, որի օգնությամբ բարձրաձվեցին հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց խնդիրները: Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ մեր օրենսդրության համաձայն՝ նման մարդկանց մոտ գործունակության սահմանափակում տեղի է ունենում լրիվ չափով: Այսինքն իրենց համար ընտրվում է խնամակալ ու այդուհետ բոլոր հարցերը կարող են կարգավորվել միայն խնամակալի կողմից»,- բացատրեց Հասմիկ Հարությունյանը:
Քննարկմանը մասնակից ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանն ի պատասխան նշեց, որ այս դեպքում, ցավոք, գործ ունենք հիվանդությունների մի շարքի հետ, որոնց դեպքում կան անդարձելի վիճակներ.
«Կան իրավիճակներ, երբ իսկապես ավելի լավ է, որ հիվանդը չմասնակցի անգամ իր վերաբերյալ դատական նիստերին և դա արվի խնամակալի ինստիտուտի միջոցով»,- ասաց հոգեբույժը:
«Ինչ վերաբերում է այս հարցով քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու հարցին, եթե դրանք ինչ-որ չափով կլավացնեն հիվանդների վիճակը՝ մենք դրան կողմ ենք: Այսօր ունենք նոր սերնդի դեղամիջոցներ, որոնք որոշ դեպքերում թույլ են տալիս մարդկանց այդ ծանր վիճակից հետ վերադարձնել»,- ասաց գլխավոր հեգբույժը նշելով, որ, հավանաբար պետք է ժամկետ սահմանել, որից հետո անգործունակության հետ կապված հարցերը հնարավոր կլինի վերանայել.
«Հիմա մի դեպք եմ մտաբերում՝ 30 տարի անձը եղել է դեֆեկտային վիճակում, որպես խնամակալ ընտրվել են ծնողները: Վերջերս նորագույն դեղամիջոցների շնորհիվ նրա վիճակը բավականին լավացել է: Ծնողները գալիս են, պատմում են, որ նա նարդի է խաղում, խանութ է գնում՝ այսինքն այլևս անգործունակ չէ, սակայն իր սահմանված կարգավիճակով շարունակում է այդպիսին մնալ»,- ասաց հոգեբույժը՝ կրկնելով, որ այնուամենայնից կան հեգեկան առողջության հետ կապված խնդիրներ, որոնք անդարձելի են: