06/03/2015 18:14
«Գյումրու Երեխաների տունը» ազատվեց երկարամյա տնօրենից
«Գյումրու Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզաննա Ավագյանը ազատվել է աշխատանքից: Այս լուրը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից` պարզաբանելով, որ տնօրենի պաշտոնը երկար տարիներ զբաղեցնող Ռուզաննա Ավագյանի աշխատանքից ազատվելը կապված է նրա ` կենսաթոշակային տարիքի անցնելու հետ:
Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, այն տեղի կունենա մարտի 26-ին, իսկ մինչ այդ հաստատության տնօրենի պաշտոնը ժամանակավորապես ստանձնել է Արեն Գրիգորյանը:
Հիշեցնենք, Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան տնօրեն Ռուզաննա Ավագյանի դեմ դեռևս 2010թ-ի հունվարին Շիրակի դատախազությունը քրեական գործ էր հարուցել` ծառայողական պարտականությունները չկատարելու և պաշտոնեական դիրքը հակառակ ծառայության շահերի օգտագործելու համար: Այն է. «Կնքված մատակարարման պայմանագրերում չներառելով գների վերանայման վերաբերյալ դրույթները՝ 2007-2008թթ. ընթացքում 97 անուն սննդամթերք 2 մատակարար ընկերություններից ձեռք է բերել շուկայական գներից ընդհանուր առմամբ 4 093 165 դրամ ավելի գնով, որպիսի գործողություններով էական վնաս է պատճառել պետական կազմակերպությանը»: Այլ կերպ ասած, տիկին Ավագյանը միտումնավոր ֆինանսական չարաշահումների է գնացել, ինչն էլ բացահայտվել է:
Սակայն բացահայտվելուց զատ այս պատմությունն այդպես էլ առաջ չգնաց, քանի որ 2009թ-ի համաներումը տարածվեց նաև այս գործի վրա, քրգործն արդյունքում կարճվեց, իսկ Ռ.Ավագյանն էլ, ինչպես տեսնում ենք, դեռ վեցը տարի էլ պաշտոնավարեց: