23/03/2015 17:03
Նազենի Հովհաննիսյան. Սոս Ջանիբեկյան, եթե իմանայիր, թե որքան լավ եմ հասկանում քեզ…
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյան իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Կարեն Ջանիբեկյանի մասին սեփական հիշողություններով և իր խոսքն ուղղել դերասանի որդուն՝ սիրված դերասան Սոս Ջանիբեկյանին:
Նազենին գրել է. «Ձյաձ Կարենը՝ Կարեն Ջանիբեկյանը, շա՜տ լուսավոր մարդ էր, հումորով, և ինքնաբավ։ Չեմ հիշում նրանից տրտունջ, բողոք կամ պարապ խոսք. նա միշտ ապրում էր այնպես, ինչպես որ ճիշտ էր գտնում։ Առանց «ճկվելու»։ Շատ էր սիրում Կյանքը, Կյանքն էլ՝ Նրան։ Մենք էլ նրան էինք շատ սիրում, մենք՝ ջահելներս։) այդպես էր մեզ դիմում .. և շարունակելու ենք սիրել, քանզի Ջանիբեկյան Կարենը թողել է մեծ, արժեքավոր և կարևոր ժառանգություն՝ նրա ժառանգները։ Այդպիսով նա Միշտ կապրի, և նրա ներկայությունն ամենուր կլինի։ Ես սգում եմ իմ հարազատ ընկերոջ՝ Սոսի հետ իր հայրիկի կորուստը, որակով մարդու կորուստը, լավ Երևանցու կորուստը, ու մինչև վերջին շունչն իր արվեստով ապրող արտիստի կորուստը, բայց…. Ձյաձ Կարենին միշտ պետք է հիշել ժպիտով, և խաղաղությամբ։ Նա Լիարժեք մարդ էր ու տիրապետում էր արվեստներից մեծագույնին՝ Ապրելո՜ւ արվեստին..
Հ.Գ. Լույսը վերևում շատացավ…խտացավ…Սոս Ջանիբեկյան, եթե իմանայիր՝ որքան լավ եմ հասկանում քեզ ..»:
Հիշեցնենք, որ երեկ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Կարեն Ջանիբեկյանը: