25/03/2015 18:30
Փոխգնդապետ. Պատրաստ ենք հակառակորդին արժանի ու մի բան էլ ավելի պատասխան տալ (Տեսանյութ)
Վերջին շրջանում Արցախից բացի հակառակորդի որոշակի ակտիվացում է նկատվում նաև հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց այս ուղղությամբ տեղակայված սահմանապահ զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Տարոն Եղիազարյանը.
«Բավականին լարված է, բայց ես ուզում եմ հավաստիացնել մեր ժողովրդին, որ անհանգստանալու կարիք չկա: Մեր սահմաններն, ինչպես միշտ, հիմա էլ անառիկ են, որովհետև դրանք պահպանում են հայրենասեր տղերք»,- ասաց փոխգնդապետը:
Նրա խոսքով՝ ամեն օր ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ մեր սահմանային հենակետերի ամրացման, զինվորի բարոյահոգեբանական վիճակի բարձրացման համար:
«Մենք պատրաստ ենք ոչ միայն դիմագրավելու հակառակորդին, այլև արժանի ու մի բան էլ ավելի պատասխան տալ»,- ասաց փոխգնդապետ Եղիազարյանը:
Այս ուղղությամբ վերջին շրջանում անհանգիստ դիրքերից մեկի ավագ, ավագ լեյտենանտ Անդրանիկ Խաչատրյանը նշեց, որ կրակոցներ լինում են գրեթե ամեն օր՝ հատկապես գիշերները:
«Հիմնականում սպասում են, որ մեր անձնակազմից ինչ-որ մեկը խախտի համազգեստի կանոնները, կամ դիտարկվող տեղամասում լինի, որպեսզի աշխատի իրենց դիպուկահարը: Բայց մենք պատրաստված ենք ու գիտենք՝ մեզ ոնց ենք պահելու»,- ասաց ավագ լեյտենանտը:
Մանրամասները՝ Aysor.am-ի տեսանյութում առաջնագծից: