25/03/2015 18:44
Ս. Օհանյան. Մեր ռազմավարական գործընկերն ավելի գլոբալ առումով է մեզ աջակցում, քան՝ Ադրբեջանին
«Միայն սպառազինվելով չէ, մեր հարևանները պետք է պրոֆեսիոնալ առումով ևս պատրաստ լինեն իրենց երկրի պաշտպանությանը և այդ սպառազինությունը կիրառելուն: Անկասկած, քանակական տվյալները մեզ մտահոգում են, բայց մենք տեղեկություններ ունենք, որ որոշակի ժամանակ է պահանջվում, որպեսզի այդ սպառազինությունը յուրացվի, տեսքի բերվի: Բազմիցս ասվել է, որ յուրաքնաչյուր երկրի կողմից վաճառվող զենք, որը վաճառվում է մեր հարևաններին, մեզ մտահոգում է և մենք այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացնում ենք: Վստահեցնում եմ, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր տեղում չի նստում և իր մտահոգությունները հայտնում է համապատասխան կառույցներին»,- այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով ռուսական 102-րդ ռազմաբազային տարածքներ տրամադրելու որոշմանը՝ նախարարը ասաց, որ գոյություն ունի միջկառավարական պայմանագիր, ըստ որի՝ օրենքով նախատեսված է նման արտոնությունը: «Այն տարածքները, որոնք օգտագործվում են, կամրագրվեն օրենքով»,- հավելեց նա:
Հարցին՝ ԵՏՄ-ն Հայաստանին ավելի անվտանգ դարձրե՞ց, նախարարն արձագանքեց. «Այն լարվածությունը, որն այսօր գոյություն ունի Հայաստանի սահմանում և շփման գծում, որը շարունակվում է նաև այսօր, բազմիցս անդրադարձել եմ այդ խնդրին և ասել, որ դա պայմանավորված է մի շարք և քաղաքական և տնտեսական խնդիրներով: Դա պայմանավորված է նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներով:
Միանգամից ակնկալել, որ ԵՏՄ անդամակցությունը Հայաստանի անվտանգության հարցերն ամբողջությամբ լուծելու է, իհարկե, չի կարելի: Բայց չանդամակցելը և համապատասխան համագործակցություն չունենալը հատկապես ՌԴ-ի հետ, որը հանդիսանում է մեր ռազմավարական դաշնակիցն ու անվտանգության երաշխավորը, դա նշանակում է չմտահոգվել մեր անվտանգությամբ և ապագայով: Մեր ռազմավարական գործընկերն ավելի գլոբալ առումով է մեզ աջակցում, քան Ադրբեջանին»,-ասաց նախարարը: