25/03/2015 18:18
Ինչո՞ւ սահմանամերձ բնակավայրերը չունեն ապաստարաններ
«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը ԱԺ-Կառավարություն ավանդական հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց սահմանամերձ բնակավայրերի ապաստարանների խնդիրը` նշելով, որ գյուղապետերը այս հարցը պարբերաբար բարձրաձայնում են, այն էլ այսօր, երբ լարվածություն է սահմանին.
«Իմ գրավոր հարցին Կառավարությունից տեղեկացրեցին, որ կան ապաստարաններ: Գյուղապետերը, սակայն, նշում են, որ դրանք ժամանակավոր են, փայտյա կառույցներ են և չեն բավարարում բնակչության պահանջներին»,- ասաց Զ. Փոստանջյանը: Որպես օրինակ՝ նա մատնանշեց Չինարին:
«Չինարիի բնակչությունը բավականին մեծ է` հազարից ավելի, բայց դպրոցի նկուղում կարող է պատսպարվել միայն 150-200 մարդ: Տեխնիկական պայմանները չեն բավարարում այդտեղ երկար ժամանակ գտնվելու համար, մինչդեռ գիտենք, որ գյուղերը հատկապես վերջին շրջանում անընդհատ կրակահերթի տակ են»,-ասաց Զ. Փոստանջյանը` ընդգծելով, որ հարկավոր է բետոնյա կառույց, որը նպաստավոր պայմաններ կունենա` սանհանգույց և այլն:
Պատգամավորը հետաքրքրվեց` արդյոք գույքագրում արվելո՞ւ է և մշտական ապաստարանների կառուցման հարցում ի՞նչ դիրքորոշում ունի Կառավարությունը:
Արձագանքելով ընդդիմադիր պատգամավորի հարցադրմանը՝ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ այդ կրակահերթերն ու լարվածությունը իր ազդեցությունն են ունենում սահմանային բնակչության վրա և գտնվում են իրենց ուշադրության կենտրոնում:
Քաղպաշտպանության խնդիրները, նշեց նախարարը, այսօր պետք է առաջնային խնդիրներից մեկը լինեն, և այդ նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ` ուսումնասիրելու սահմանամերձ բնակավայրերում առկա ապաստարանները: Թեև կուսումնասիրվեն նաև այլ բնակավայրերի ապաստարանները ևս:
«26 սահմանամերձ բնակավայր ունենք: Օրինակ, Տավուշի մարզում արդեն ստեղծել ենք օրինակելի ապաստարաններ` և ընդհանուր պատսպարման, և անհատական: Աշխատանքային խումբն իր առաջարկություններն արդեն ներկայացրել է: Այդ ռազմավարությունը ու դրանից բխող համապատասխան ծրագիրը կներկայացնենք շուտով Կառավարությանը»,- ասաց նախարարը` հավելելով, որ պաշտպանական ոլորտի զարգացման պլանը կներկայացվի մինչև տարեվերջ, որպեսզի 2016-ի պետական բյուջեում ներառվի: