26/03/2015 12:50
Ժ. Սեֆիլյան. Վարկերը չվճարելու կոչը մոբոլիզացիոն բնույթ ունի
Սա ընդամենը կոչ է իմ կողմից: Բոլոր նրանք, ովքեր կմիանան այդ կոչին, կանեն դա կամավոր հիմունքներով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն՝ անդրադառնալով բանկերից վերցրած վարկերը չմարելու վերաբերյալ իր կոչին:
«Այս կոչս տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց, բայց այն ավելի շատ մոբոլիզացիոն բնույթ ունի: Մարդիկ պետք է գիտակցեն՝ իրենք ևս պետք է քայլ անեն»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Նրա խոսքով՝ բանկային, վաշխառուական համակարգին պետք է վերջ դրվի:
«Ամեն ինչ ունի իր սկիզբն ու վերջը: Այսօր այդ ամբողջ համակարգը ծառայում է մի քանի անհատի, որոնք կեղեքելով ժողովրդին՝ տիրանում են մեծ ունեցվածքների: Նրանք պետք է պատասխան տան»,- ասաց Ժ. Սեֆիլյանն՝ ավելացնելով.
«Մենք չենք ասում, որ հարուստներ պետք չեն, պարզապես մարդիկ, ովքեր ունեցվածք են դիզել, պետք է ապացուցեն, որ դա արել են արդար ճանապարհով»: