26/03/2015 20:17
Իրանն ու Միացյալ Նահանգները բանակցում են Արաքի, Ֆորդուի ռեակտորների և ուրանի հարստացման հարցերի շուրջ:
Իրանն ու Միացյալ Նահանգները բանակցում են Արաքի, Ֆորդուի ռեակտորների և ուրանի հարստացման հարցերի շուրջ: Այս մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի գործակալության մամլո խոսնակ Բեհռուզ Քամալվանդին:
Իրանցի պաշտոնյան, ներկայացնելով այսօր Լոզանում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի և Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարար Էռնեստ Մունիզի միջև տեղի ունեցած բանակցությունների որոշ մանրամասներ, տեղեկացրել է, որ հիմնականում քննարկումները ծավալվել են Արաքի ծանր ջրի և Ֆորդուի ռեակտորների, ինչպես նաև ուրանի հարստացման հարցերի շուրջ:
«Որոշ հարցերի շուրջ կողմերն ունեն ընդհանուր ըմբռնում: Բանակցող կողմերը ջանքեր են գործադրում բանակցությունների ընթացքում վերոնշյալ հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերել»,-հավելել է Իրանի ատոմային էներգիայի գործակալության մամլո խոսնակը:
Նշենք, որ այսօր վերսկսել են միջուկային ծրագրի շուրջ Իրանի և Միացյալ Նահանգների ԱԳ նախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Ջոն Քերիի բանակցությունները, որոնց մասնակցում են նաև ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, ԱՄՆ էներգետիկայի նախարար Էռնեստ Մունիզը և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր հանձնակատարի տեղակալ Հելգա Շմիդտը:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցություններին, նշել է. «Դժվարանում եմ կանխատեսել, որ այս փուլում ինչ-որ բանի կհասնենք, սակայն կողմերը տեխնիկական հարցերի շուրջ ունեն ընդհանուր ընկալում»:
«ԻՌԻԲ» լրատվական գործակալության փոխանցմամբ էլ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Շվեյցարիա մեկնելուց առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ բանակցությունների այս փուլը չափազանց զգայուն է: Զարիֆի խոսքով՝ «5+1 խումբը» հատկապես` արևմտյան չորս երկրները ճնշում գործադրելու և համաձայնության գալու տարբերակների միջև պետք է ընտրություն կատարեն: