26/03/2015 16:26
Կարեն Բեքարյան. Հայ-չինական հռչակագիրը աշխատանքի և ներկայացվող տեսակետների ընկալելի լինելու արդյունք է
Ոչինչ ինքնստինքյան չի լինում: Եթե կա այս արդյունքը, դրա համար տարվել է բավական քրտնաջան, մեծ աշխատանք: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Նախագահի` Չինաստան այցի շրջանակներում ստորագրված հայ-չինական հռչակագրին, ասաց քաղաքագետ-վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
«Աշխատանք է տարվել դիվանագիտական խողովակներով, արտգործնախարարության կողմից, նախագահի աշխատակազմի կողմից՝ այսինքն բոլոր այն պաշտոնյաների, ովքեր պատասխանատու են մեր արտաքին քաղաքականության համար: Սա հարցի մի կողմն է»,- ասաց Կարեն Բեքարյանը:
Մյուս կողմից, քաղաքագետի խոսքով, ստորագրված փաստաթղթերը որոշակի թեսթ են տարվող արտաքին քաղաքականության հետ կապված.
«Մի բան է աշխատանքը, մեկ այլ բան՝ տեսակետներիդ ընկալելի ու հասկանալի լինելը դիմացի կողմի՝ այս դեպքում Չինաստանի համար: Եթե այն հիմնված լիներ կեղծ տեսակետների, կեղծ խնդիրների վրա, եթե ունենար ոչ ընկալելի սկզբունքներ՝ անգամ աշխատանք տանելու դեպքում կարող էր արդյունք չբերել: Այսինքն մի կողմից մենք գործ ունենք տարված աշխատանքի հետ, մյուս կողմից՝ այն բանի, որ մոտեցումներն ընկալելի են հենց նույն երկու հիմնական ուղղությունների՝ Ղարաբաղյան կարգավորման խնդրի և մարդկության դեմ հանցագործությունների պարագայում»,- ասաց Կարեն Բեքարյանը՝ միաժամանակ նշելով, որ միայն այս երկու ուղղությունների վրա պետք չէ կանգ առնել:
«Մենք ունենք այդ հռչակագիրն ու ունենք հարաբերությունների բավական խորացման կամք երկու կողմից էլ»,- ասաց վերլուծաբանը:
«Ոչ կուզենամ դա մեկնաբանել, ոչ էլ մտածել: Հարցը հասել է այն աստիճանի, որ օրինակ ԼՂՀ-ում կարող է հերթական հիվանդանոցը բացվի և դա Ադրբեջանում մեծ արձագանք ստանա»,- ասաց Կարեն Բեքարյանը: