26/03/2015 13:14
Հ. Ալվրցյան. Պոլսո Հայոց Պատրիարքարանը բարդացնում է հայերի կրոնափոխության գործընթացը
Պոլսո Հայոց Պատրիարքարանը դժվարեցնում է կրոնափոխ հայերի կրոնափոխության գործընթացը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը:
«Թուրքիայում նկատվում է կրոնափոխ հայերի զարթոնք՝ վերադարձ դեպի հայկական արմատները: Սա տեղի է ունենում կրոնադարձության՝ մկրտության միջոցով»,- ասաց Հայկազուն Ալվրցյանը՝ ավելացնելով, որ գործընթացը զգալիորեն բարդացնում է Պատրիարքարանը:
«Օրինակ՝ Պոլսի Հայոց Պատրիարքության ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ բոլորն, ովքեր չեն մկրտվել հայկական եկեղեցում, հայ չեն, չեն կարող համարվել հայ: Պատրիարքի փոխանորդը նաև մկրտության գինն է ավելացրել՝ 4850-ից ավելի լիրա, ինչը կազմում է մոտ 1800 ԱՄՆ դոլար»,- ասաց Հայկազուն Ալվրցյանը:
«Այս ամենը պետության կողմից թելադրված դրսևորում է՝ փոխանորդի կամազրկության հետևանքով»,- ավելացրեց նա՝ ընդգծելով, որ պատրիարքության ոչ մի եկեղեցում Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող զանգերի 100 ղողանջներ չեն լսվելու դարձյալ այն պատճառով, որ Պատրիարքարանը չունի քաղաքական դիրքորոշում: