26/03/2015 12:32
Դասակս դուխով էր. Վիրավորված սպան՝ հերոսական մարտի մասին. News.am
Մարտի 19-ին հակառակորդի հարձակման հետևանքով վիրավորված սպա Սարգիս Գաբրիելյանը նախօրեին տեղափոխվել է հիվանդասենյակ:
Նա NEWS.am-ին պատմեց, որ թեև հակառակորդն իրենց հանկարծակիի է բերել, նռնակներ նետել, բայց իրենք կարողացել են տիրապետել իրավիճակը, վիրավորված վիճակում էլ շարունակել են կռվել մինչև լրացուցիչ ուժերի օգնության հասնելը։
«Տասնմեկ հոգի էինք, մեր դիրքերի մոտ ադրբեջանցի դիվերսանտները հարձակվեցին մեզ վրա: Երեք հոգի դուրս եկան, թևթե կրակահերթ թողեցին: Մենք հետ քաշվեցինք ու դիրքավորվեցինք, սկսեցին կրակել: Իրենք այնքան շատ չէին կրակում, ինչքան որ նռնակներով էին մեզ հետ կռվում: 10-15 նռնակ են նետել մեր ուղղությամբ: Չնայած դրան՝ դասակիս ամբողջ անձնակազմը դուխով էր, ոչ մեկ իրեն չկորցրեց, ամեն մեկն իր տեղը գտավ, թե ինչ պիտի անի, ոնց պիտի անի»,- պատմել է Սարգիս Գաբրիելյանը՝ նշելով, որ իրենց և հակառակորդի միջև մարտը 5 րոպե է տևել, դրանից հետո ժամանել են օժանդակող ուժերը:
Օգնության եկած ուժերի ժամանելուց հետո Սարգիսին և մյուս վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրանք տեղեկացել են, որ իրենցից հետո հայկական կողմը 2 ժամ մարտ է մղել հակառակորդի հետ, հետապնդել նրանց մինչև նրանց դիրքերի մատույցները և ամբողջությամբ ոչնչացրել:
Սարգիսը հպարտությամբ է հիշում մարտում իր զինվորներից յուրաքանչյուրի կռիվը։ Ձեռքից վիրավոր Սարգիսին իր զինվորներն են օգնել լիցքավորել զենքը.
«Եթե սպա ես, եթե տեսնում ես, որ կողքիդ զինվորը չի վախենում, քո համար կռվում, գալիս, տեսնում է, որ վիրավոր ես, զենքդ չես կարողանում լիցքավորես, ինքը զենքը լիցքավորում, տալիս է ձեռքդ, որ կրակես, պարտավոր ես մինչև վերջ կռվել»։
Հիշեցնենք, որ ամպուտացվել է Սարգիս Գաբրիելյանի ունի աջ վերին վերջույթը: Նա ունի նաև բազմաթիվ բեկորային վիրավորումներ:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:
Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: Այսօր առավոտյան Ստեփանակերտի հոսպիտալում մահացել է վիրավորներից մեկը՝ 1995թ. ծնված Սամվել Սասունի Հակոբյանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: