26/03/2015 20:25
Սիրիական հակամարտության 4 տարին՝ փաստական տվյալներով
Այս օրերին լրանում է սիրիական ճգնաժամի 4-րդ տարին: Մերձավոր Արևելքի և արաբական աշխարհի երբեմնի ամենակայուն, ազդեցիկ և ունիտար պետություններից մեկն անցյալ 4 տարիների ընթացքում առանցքային տրանսֆորմացիաների, ողբերգական փորձությունների է ենթարկվել, ինչի հետևանքով լրջորեն վտանգված է ոչ միայն Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականությունն, այլև սիրիացի ժողովրդի ապագան ընդհանրապես:
Եթե իրավիճակը ներկայացնենք թվերի տեսքով, ապա կստացվի հետևյալ պատկերը՝ 2011 թ. ցուցանիշներով՝ այսինքն մինչև «սիրիական գարունը», ավելի քան 23.5 մլն բնակչություն ունեցող Սիրիայում հակամարտության 4 տարիների ընթացքում, ՄԱԿ-ի կողմից հրապարակված տվյալների համաձայն, զոհվել է ավելի քան 220 հազար մարդ (այդ թվում, ըստ UNICEF-ի, ավելի քան 11 հազար երեխա), ասել է թե՝ ամբողջ բնակչության թվի շուրջ 1%-ը: Ավելի քան 4 մլն մարդ (այդ թվում, ըստ UNICEF-ի, շուրջ 2 մլն երեխա) դարձել է փախստական, ավելի քան 7,5 մլն մարդ (այդ թվում, ըստ UNICEF-ի, մոտ 5.6 մլն երեխա) վերածվել են ներքին տեղահանվածների. այսինքն, ընդհանուր առմամբ, բնակչության մոտ 50%-ը զրկվել է տնից, բնակարանից:
Հակամարտության սկզբին 185,180կմ² տարածք ունեցող ունիտար հանրապետության տարածքի՝ ՄԱԿ-ի տվյալների համաձայն միայն 60%-ն է ներկայում գտնվում երկրում իշխող վարչակարգի վերահսկողության ներքո, իսկ մնացած հատվածն տարբեր և ամեն օրվա կտրվածքով մշտապես փոփոխվող համամասնությամբ բաժանված է «Իսլամական պետություն» իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության, քրդական ուժերի, ինչպես նաև շուրջ 1000 բազմաբնույթ և տարբեր ուղղվածության հակակառավարական խմբավորումների միջև:
Իսկ թե ի՞նչ բնույթ է կրում սիրիական հակամարտությունը միջազգային իրավական եզրաբանությամբ, դարձյալ բավականաչափ բարդ է միանշանակ բնութագրում գտնելը: Երկրում առկա է ներքին զինված հակամարտություն՝ ներսիրիական դերակատարների և արտաքին որոշ կառույցների (լիբանանյան «Հիզբալլահ», «Ալ-Կաիդա») ուղղակի, մի շարք մերձավորարևելյան և արտատարածաշրջանային պետությունների (Իրան, Ռուսաստան, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Կատար, Իսրայել, ԱՄՆ և այլն) անուղղակի ներգրավմամբ:
Սիրիական հակամարտության առանցքային բաղադրիչներից մեկն էլ հանդիսանում է միջազգային հակաահաբեկչական պայքարի իրողությունը՝ հայտարարված «Իսլամական պետություն», «Ալ-Կաիդա», «Խորասան» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ՝ սիրիական իշխանությունների և մոտ 60 երկրներից կազմված միջազգային ռազմական կոալիցիայի մասնակցությամբ:
Վերոնշյալն, ինչպես նաև թե՛ Սիրիայում, թե՛ նրանից դուրս ստեղծված աշխարհաքաղաքական լարված իրավիճակը որևէ դրական հիմքեր չեն ստեղծում ճգնաժամի հանգուցալուծման հարցում: Ակնհերքելի է այն հանգամանքը, որ առնվազն միջնաժամկետ հեռանկարում լուրջ ձևափոխումներ և փորձություններ են սպասվում ոչ միայն քարտեզում «Սիրիա» անվանումով գծանշված աշխարհագրական տարածքին, այլև, որ շատ ավելի կարևոր է՝ դրանում ապրած, սերած, յուրօրինակ մշակույթ ու քաղաքակրթություն կերտած ժողովրդին, որի ապագա սերնդի գերխնդիրն է կյանքի ամենատարրական անհրաժեշտությունների համար պայքարը՝ անչափ հեռու ժամանակակից քաղաքակրթական միտումներից և առաջնահերթություններից: