26/03/2015 13:37
Վ. Այվազյանը՝ Շաբոյանին. Լիազորությունները, որոնք Ձեզ տրված են, բավական են՝ Ձեր աշխատանքը ավելի լավ կատարեք
Պարոն Մելքումյան, ձեր հարցադրումը տեղին չէր: Ես գնահատում եմ ձեր պրոֆեսիոնալիզմը, բայց համամիտ չեմ այն կարծիքին, թե տնտեսական մրցակցային խնդիրերի լուծումները քաղաքական կամք են պահանջում: Այդ քաղաքական կամքը կա, և այսօր այս քաղաքական ամբիոնում քննարկում ենք այդ մասին: ԱԺ-ում իր ելույթի ժամանակ, դիմելով ԲԳՅ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին, հայտարարեց ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:
«Մեր հանձնաժողովն անում է ամեն ինչ, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն: Բայց ես գտնում եմ, որ հանձնաժողովը իր ծրագրերի մեջ ունի դեռ չափազանց կարևոր դերակատարում, որն իր գործառույթով դեռ շատ կարևորագույն խնդիրներ ունի լուծելու»,- հայտարարեց պատգամավորը:
Անդրադառնալով ՏՄՊՊՀ 2015 թփվականի ծրագրին՝ Վ. Այվազյանը շեշտեց, որ այդ ծրագրում առաջին ու կարևարգույն խնդիրը սպառողների շահերի պաշտպանությունն է: Բերելով օրինակներ՝ նա նկատեց, որ բոլորովին վերջերս հանձնաժողովը չկարողացավ պաշտպանել սպառողների շահերը, մինչդեռ դա մտնում էր նրա կարևորագույն գործառույթի մեջ:
«Դոլար-դրամի տատանումների ժամանակ շուկայում կամայականորեն տեղի ունեցավ թռիչքային գների բարձրացում, և տեղում որևէ մեկը ոչ մի կերպ չարձագանքեց այդ ամենին: Երբ գնում էին վերահաշվարկ էին իրականացում, 5 րոպեի ընթացքում տեղի էր ունենում գնային փոփոխություն: Պարոն Շաբոյան, ձեր կարծիքով, հանձնաժողովն այստեղ որևէ դերեկատարում ունի՞, թե՞ ոչ: Այո, իհարկե, քանի որ նման դեպքերում հանձնաժողովը պետք է ադեկվատ պատասխանի տա այդ ամենին»,- հայտարարեց պատգամավորը՝ ընդգծելով, որ որևէ մեկն իրավունք չուներ նման պայմաններում 50-60 տոկոս գների բարձրացում թույլ տար այն դեպքում, երբ այդ ապրանքները վաղուց էին ներկրվել Հայաստան:
Վ. Այվազյանն ընդգծեց, որ երբ ասում են մրցակցային խնդիրները հնարավոր է լուծել տնտեսական լծակներով, նկատի ունեն հենց հանձնաժողովի գործառույթն ու աշխատանքը: «Նորից հստակ հայտարարում եմ. քաղաքական կամքը կա: Եթե կան նոր առաջարկներ, մենք պատրաստ ենք ձեզ մեր թիմով աջակցել»,- ասաց նա:
Ըստ Վ. Այվազյանի՝ հանձնաժողովն ունի մի քանի գործառույթ ևս, որոնք պետք է պատշաճ կերպով իրականացնի: Նրա խոսքով՝ դրանցից մեկը չարաշահումների բացահայտումն է, որը նույնպես պակաս կարևոր չէ:
«25 ապրանքատեսակ, որոնք զգայուն են, պետք է համապատասխան կերպով ուսումնասիրվեն: Ձեր առաջնային խնդիրն է ուսումնասիրել շուկան և դրա հետ մեկտեղ մյուս խնդիրները: Այն լիազորությունները, որոնք ձեզ տրված են, իմ խորին համոզմամբ, բավական են, որպեսզի դուք ձեր աշխատանքը ավելի լավ կատարեք»,- ասաց պատգամավորը: