26/03/2015 18:59
Ա. Մանուկյան. 19 տարեկան քաղաքացին ուզում է աշխատել, թքած ունի պարտադիր կրթության վրա
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ողջունում է կառավարության հեղինակած «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը: Պատգամավորի համար ընդունելի է ցանկացած կրթական բարեփոխում, բայց նա համոզված է, որ 12-ամյա կրթությունը չի կարող հաջողության հասնել:
«Գաղափարը լավն է, իրականացնելը՝ այսօրվա վիճակով անհնար։ Ավագ դպրոցի ներդնումը շատ լավ գաղափար է, բայց երբ պատրաստ չես ներդնել, դա վնաս է բերում, ոչ թե օգուտ»,- ԱԺ-ի իր ելույթի ժամանակ հայտարարեց պատգամավորը՝ ընդգծելով, որ մի քանի ամիս առաջ այս փաստաթուղթն այլ տեսք ուներ, բայց այժմ ԱԺ է ներկայացվել մեկ այլ փաստաթուղթ:
«Ինձ համար յուրաքանչյուր կրթական բարեփոխում շատ կարևոր է, բայց հիմա էլ նույն խնդիրները մնացել են օդից կախված»,-ասաց նա:
Պատգամավորի համոզմամբ՝ ֆիզիկական ու տեխնիկական իրականացման հնարավորություն առայժմ չկա: Նա նշեց, որ Հայաստանի մարզերում կա 350 դպրոց, որոնցից յուրաքանչյուրում 12-ից ավելի աշակերտ չկա: «Էդ ո՞նց եք 12-ամյա կրթությունը սարքում պարտադիր, 109 ավագ դպրոցներից միայն 9-ն է գյուղական համայնքներում, ինչպե՞ս եք դա իրականացնելու: Սիրուն գաղափարը կարելի է տալ, ջարդուփշուր անել, երբ դասագրքային ռեսուրսով այդ խնդիրը դեռ պատրաստ չէ։ Ինձնից ազատական չլինեք, բայց հանրակրթությանը պետք է զգույշ մոտենալ»,- հայտարարեց պատգամավորը:
ՀԱԿ խմբակցության քարտուղարը նկատեց, որ այսօր 19 տարեկան քաղաքացին լիարժեք քաղաքացի է, որին հնարավոր չէ պարտադրել։ Նրա խոսքով՝ սոցիալական ծանր վիճակում գտնվող երկրում 19 տարեկան քաղաքացին ուզում է այսօր աշխատել և թքած ունի այդ պարտադիր կրթության վրա։
«Սա դառնալու է կոռուպցիայի, ավելորդ վարչարարության միջոց, որ պարտադրեն, խեղճացնեն քաղաքացուն: Չի կարելի 19 տարեկան քաղաքացուն պարտադրել։ Դուք կասեք կրթության իրավունքը գերակա է, բայց ապահովեք, ոչ թե պարտադրեք։ Դուք ծրագրի մասին պետք է խոսեք, պետությունը պետք է երաշխավորի ծրագիր, որն ապահովի կրթության իրացումը»,-ասաց Ա. Մանուկյանը:
Պատգամավորը շեշտեց նաև, թե իր համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է օրենքը հրատապ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկվում։
«Որերորդ անգամ եմ ասում՝ կրթության համակարգում մի՛ արեք այսպիսի բաներ, հրատապ արած բարեփոխումները վնասում են։ Այստեղ ավելի շատ սոցիալական խնդիր կա, քան՝ կրթական, եթե կոշիկով ու շորով չենք կարողանում ապահովել, ո՞նց ենք պարտադիր սարքում 12-ամյա կրթությունը»,-հավելեց նա:
Նախորդող հրապարակում՝ Առաջարկ. Պարտադիր կրթությունը դարձնել 12-ամյա