26/03/2015 18:16
Առաջարկ. Պարտադիր կրթությունը դարձնել 12-ամյա
ԱԺ-ում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ներկայացնելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախագիծը, հայտարարեց, որ այդ նախագիծը կրթական լրջագույն բարեփոխումներից մեկն է:
Ըստ նախագծի՝ նախատեսվում է պարտադիր կրթությունը 9-ամյաից դարձնել 12-ամյա:
«ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիների համար սահմանված է կրթական նվազագույն մակարդակ, որը հիմնական կրթության մակարդակն է, սակայն Սահմանադրությունը թույլ է տալիս պարտադիր կրթության շեմն ավելի բարձրացնել: Կառավարությունն առաջարկում է խորհրդարանին ՀՀ-ում ամրագրել նվազագույն կրթության նոր, ավելի բարձր շեմ, այդ շեմը ձևակերպվելու է որպես 12-ամյա տիրույթում գտնվող, ընդհանուր հանրակրթական հիմնական հենքի վրա՝ լրացուցիչ եռամյա կրթության հնարավորություն կամ հանրակրթական ծրագրերով միջնակարգ և ավագ դպրոցներում»,- ասաց նա՝ ավելացնելով՝ կամ էլ նախնական ու միջին մասնագիտական, ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտական կրթության հնարավորությամբ:
Ա. Աշոտյանը նկատեց, որ մասնագիտական կրթությունը դպրոցներում լինելու է բացարձակ անվճար:
Նա ընդգծեց, որ այս փոփոխությունը կտարածվի նրանց վրա, ովքեր հաջորդ տարի կընդունվեն իններորդ դասարան՝ հաշվի առնելով նախապատրաստական աշխատանքների առկայությունը: