26/03/2015 15:26
Բ. Սահակյան. Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները չպետք է սահմանափակվեն մայրաքաղաքով
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում են եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների և 2015թ. գարնանացանի նախապատրաստական աշխատանքների մասին հարցերը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շուրջ զեկույցներով հանդես են եկել քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գայանե Գրիգորյանը, ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները պետք է անցնեն բարձր մակարդակով, չսահմանափակվեն միայն մայրաքաղաքով ու շրջկենտրոններով և լայնորեն լուսաբանվեն: Բակո Սահակյանը մի շարք հանձարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Գարնանացանի նախապատրաստական աշխատանքների շուրջ զեկույցով հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը:
Նախագահ Սահակյանը նշել է, որ պետք է անել հնարավորը անհրաժեշտ աշխատանքների նորմալ ընթացքն ապահովելու նպատակով` համապատասխան հանձարարականներ տալով այս ուղղությամբ: